ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` սամբոյի աշխարհի առաջնության բացման արարողությունից

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ սամբոյի աշխարհի առաջնության բացման արարողությունը: Auroranews-ը ներկայացնում է բացման արարողության կադրեր: 

 

Բացման արարողության մեկնարկում պարային և լուսաձայնային լուծումներով ներկայացվեցին մարզաձևի առանձնահատկությունները, որին էլ հաջորդեց մասնակից երկրների դրոշների դուրս բերումը:

 

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովն, ով առանձնացրեց՝ Երևանն առաջիկա օրերին իսկական սպորտային իրադարձության ականատես կլինի:

 

Սամբոյի աշխարհի առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 12-ին: Նշենք, որ այս առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 70 երկրների 500-ից ավելի մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը:

 

Հավելենք, որ 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը Սամբոյի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել։ Մեկնարկային գոտեմարտում Գրիգորյանը զիջեց ռումինացի մրցակցին, իսկ քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, հայ սամբիստուհին հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

 

Սփոփիչ գոտեմարտում Գրիգորյանը հաղթեց ուկրաինացի Սնեժանա Պլիշին, իսկ մեդալի համար գոտեմարտում ուժեղ գտնվեց բուլղարացի Տանյա Ռադուլովայից:

 

Ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ էին դարձել Արման Ավանեսյանը (98 կգ) և Սարգիս Վարդանյանը (79 կգ):

Հավելենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին: