
Ուկրաինան կփորձի մարտի դաշտում արդյունք ցույց տալ մինչև տարեվերջ. Զելենսկի

Ուկրաինացի զինվորականները կշարունակեն պայքարել այս տարի մարտի դաշտում արդյունքների հասնելու համար: Այս մասին Նյու Յորքում կայացած Reuters NEXT համաժողովում տեսաուղերձով ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Այս տարի կփորձենք արդյունքներ ցույց տալ։ Եվ դա մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք ամեն օր կորցնում ենք մարդկանց...»,- ասել է երկրի ղեկավարը։ Նրա խոսքով, առ այսօր պատերազմի ժամանակ Ռուսաստանի կորուստները հինգ անգամ գերազանցում են Ուկրաինայինը։
Ընդունելով հարավային ճակատում դանդաղ առաջընթացը՝ Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան ունի կոնկրետ մարտական պլան 2024 թվականի համար, սակայն դրա մանրամասները չի հրապարակել։
«Մենք ծրագիր ունենք: Մենք ունենք շատ կոնկրետ քաղաքներ, շատ կոնկրետ ուղղություններ, որոնց ուղղությամբ շարժվում ենք... վստահ եմ, որ մեզ հաջողություն է սպասվում»,- հավելել է Զելենսկին՝ խոսելով ճակատում տիրող իրավիճակի մասին։
Իր ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահը նաև կրկնել է, որ Կիևը պատրաստ է սկսել հակամարտությունը դադարեցնելու տարբերակներ փնտրել այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը ուկրաինական տարածքներից։