
Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին. ԶԼՄ

Բրյուսելը Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։ Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյա:
Նշվում է, որ առայժմ կոնկրետ արդյունքներ չկան, բայց հնարավոր է, որ բանակցությունները տեղի ունենան հաջորդ ամիս: Ըստ աղբյուրի՝ դրանց օրակարգում է նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը։ Եվրոպացի դիվանագետը նշել է, թե իրենց հետ հանդիպումներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահեցնում է, թե որևէ նկրտում չունի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
«Նա հավաստիացնում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն և լուծեն մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի և Ադրբեջանից Հայաստանի հարավային հատվածներ հասնելու վերաբերյալ», - ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով. - «Բոլոր այդ հարցերը պետք է քննարկվեն, և հենց դրա շուրջ է նախագահ Շառլ Միշելի և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությունը»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի ժամանակ խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին՝ հույս հայտնելով, որ այն կստորագրվի Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա:
«Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել անցյալ ամիս Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը։ Հոկտեմբերին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը չկայացավ, և ես հաջորդ հանդիպման հրավեր չեմ ստացել Շառլ Միշելից։ Հուսով եմ, որ ԵՄ մեր գործընկերները հավատարիմ են իրենց պարտավորություններին»,- ասել է Փաշինյանը: