
Ինչպես են վերաբերվում արցախցիներին բուհերում․ մտահոգիչ ահազանգ Թովմասյանից

Բուհերում արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մտահոգիչ ահազանգեր են ստացվում բռնի տեղահանված մեր երիտասարդ հայրենակիցներից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Հոգեբանական ծանր վիճակում գտնվող ուսանողներն ընդգծում են, որ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ակնհայտ տարբերակումներ և կողմնակալ վերաբերմունք է դրսևորում իրենց նկատմամբ՝ շեշտադրում կատարելով հարկադրաբար ՀՀ բուհերում հայտնվելու և իրենց ներկայությամբ ավելորդ խնդիրներ հարուցելու հանգամանքի վրա»,–նշել է Թովմասյանը։
Արցախահայերի նկատմամբ ավելորդ հոգեբանական ճնշում չգործադրելու և հանրության մեջ չմեկուսացնելու հրամայականի մասին պատգամավորը խոսել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել։
«Պայմանավորվեցինք, որ վերջինս խստորեն պահանջի դասախոսական կազմից արցախցի երիտասարդների հանդեպ լինել հարգալից, ընդգծել, որ նրանք արժանի են իրենց հայրենակիցների կողմից հավասար վերաբերմունքի։ Ամենօրյա ռեժիմով հետևողական եմ լինելու ոչ միայն ԵՊՀ-ում, այլև ՀՀ բոլոր բուհերում նմանատիպ խնդիրների բարձրաձայնմանը և կարգավորմանը։ Կրթական հաստատությանն անհարիր այս դրևորման կրկնության դեպքում հանրայնացնելու եմ անթույլատրելի վարքագիծ ցուցաբերած դասախոսների անուն-ազգանունները»,–ընդգծել է նա։