
Գազայում իրավիճակն աննկարագրելի է. ԱՀԿ ղեկավարը կոչ է անում դադարեցնել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 237 հարձակում է եղել առողջապահության համակարգի վրա, այդ թվում՝ 218 հարձակում պաղեստինյան տարածքներում, 19-ը՝ Իսրայելում։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը։ Նա նշել է, որ այդ հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի խախտում են։
ԱՀԿ-ի ղեկավարը Գազայում իրավիճակը բնութագրել է որպես «աննկարագրելի». հիվանդանոցները լցված են միջանցքներում պառկած վիրավորներով, վիրահատություններն իրականացվում են առանց անզգայացման, հազարավոր մարդիկ ապաստան են փնտրում ռմբակոծություններից, ընտանիքները տառապում են սննդի և ջրի պակասից, իսկ դիահերձարանները լցվում են։
Նա նաեւ նշել է, որ հոկտեմբերի 7-ից Գազայի հատված է հասել մարդասիրական օգնություն տեղափոխող ընդամենը 217 բեռնատար, մինչդեռ մինչ այդ միջին օրական առաքումը կազմում էր մոտ 500 բեռնատար։ Հեբրեյեսուսը եզրակացրել է, որ ռազմական գործողությունների հումանիտար դադարը, լավագույն դեպքում՝ հակամարտության ամբողջական դադարեցումն անհրաժեշտ է: Պահանջվում է նաև օգնություն տրամադրելու անվճար և անվտանգ մուտք, որը պետք է համաձայնեցվի երկու կողմերի միջև: