Քաղաքականություն

ԱՄՆ-ն ու Իրանը 60-օրյա փոխըմբռնման հուշագիր են ստորագրել. մանրամասներ

ԱՄՆ-ն ու Իրանը 60-օրյա փոխըմբռնման հուշագիր են ստորագրել. մանրամասներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել են, որ երկու երկրները ստորագրել են 60 օր գործողությամբ փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանում, Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացում և երկրի վերականգնման համար հատուկ հիմնադրամի ստեղծում:

 «Ես ստորագրեցի այն», - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թրամփը։ Միաժամանակ նա զգուշացրել է, որ եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։

Հուշագիրը ստորագրել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մեծ յոթնյակի» երկրների հանդիպման ընթացքում ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները լրագրողներին ներկայացրել են հուշագրի 14 կետերից բաղկացած տեքստը։

Փաստաթուղթը ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին հայտարարված հրադադարը՝ կողմերին հնարավորություն տալով համաձայնեցնել վերջնական խաղաղության պայմանագիրը։

Թրամփը և նրա թիմակիցները շեշտում են, որ առայժմ խոսքը միայն նախնական հուշագրի մասին է, և դրա դրույթները կկատարվեն միայն այն դեպքում, եթե Իրանը պահպանի ստանձնած պարտավորությունները։

Bloomberg-ը և Al Arabiya-ն հրապարակել են ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի նախագծի տեքստը:

Փաստաթղթի հիմնական դրույթները հետևյալն են․

Իրանն ու ԱՄՆ-ն, ինչպես նաև նրանց դաշնակիցները, հայտարարում են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցման մասին և պարտավորվում են միմյանց դեմ չձեռնարկել թշնամական գործողություններ, ինչպես նաև հրաժարվել ուժի կիրառման կամ դրա սպառնալիքից։ 

Կողմերը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չմիջամտել ներքին գործերին։ 

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնում են առավելագույնը 60 օրվա ընթացքում բանակցությունների միջոցով հասնել վերջնական համաձայնագրի, որի ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ 

Հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ը կվերացնի ծովային շրջափակումը և 30 օրվա ընթացքում կապահովի Իրանի նավագնացության վերականգնումը։ Վերջնական համաձայնագրի կնքումից հետո Վաշինգտոնը 30 օրվա ընթացքում նաև կհանի հարակից շրջաններից իր զորքերը։ 

Իրանը պարտավորվում է 30 օրվա ընթացքում վերականգնել Պարսից ծոցից դեպի Օմանի ծով և հակառակ ուղղությամբ առևտրային նավերի տեղաշարժը՝ իրականացնելով նաև անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներ և ականազերծում։ 

ԱՄՆ-ը տարածաշրջանային գործընկերների հետ կմշակի Իրանի վերականգնման և տնտեսական զարգացման համապարփակ ծրագիր՝ առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորմամբ։ Ծրագրի իրականացման մեխանիզմը պետք է համաձայնեցվի վերջնական համաձայնագրում։ 

ԱՄՆ-ը պարտավորվում է հասնել Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների վերացմանը, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՄԱԳԱՏԷ-ի կառավարման խորհրդի և ԱՄՆ-ի միակողմանի՝ առաջնային ու երկրորդային պատժամիջոցները։ 

Իրանը վերահաստատում է, որ երբեք չի արտադրի միջուկային զենք։ Կողմերը համաձայնել են, որ հարստացված նյութերի և միջուկային ծրագրին առնչվող մյուս հարցերի ճակատագիրը կկարգավորվի վերջնական համաձայնագրով։ 

Մինչև վերջնական համաձայնագրի ձեռքբերումը կողմերը կպահպանեն ներկայիս իրավիճակը․ Իրանը փոփոխություններ չի կատարի իր միջուկային ծրագրում, իսկ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ չի սահմանի և չի մեծացնի տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը։ 

Հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլտվություն կտա իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրանց հետ կապված ծառայությունների, այդ թվում՝ բանկային, ապահովագրական և տրանսպորտային ծառայությունների արտահանման համար։ 

Բանակցություններում առաջընթացի դեպքում Իրանի սառեցված և սահմանափակված ակտիվները կդառնան լիարժեք հասանելի։ 

Կստեղծվի մեխանիզմ, որը կհետևի վերջնական համաձայնագրի կատարմանը և դրա շրջանակում ստանձնած պարտավորությունների իրականացմանը։ 

Հուշագրի 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերի իրագործման մեկնարկից հետո կողմերը կանցնեն վերջնական համաձայնագրի մնացած դրույթների շուրջ բանակցություններին։

Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր կատարման ենթակա բանաձևով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250