ԶՊՄԿ-ի պահնորդին սպանած ադրբեջանցու դատավճռի դեմ բողոքի քննությունը դռնփակ ռեժիմով է անցել

ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած և ԶՄՊԿ պահնորդի սպանության համար 20 տարվա ազատազրկման դատապարտված Հուսեյին Ախունդովը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից այսօր բերվել էր Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ քննվում է նրա պատիժը խստացնելու հարցը։ Սակայն պարզվում է՝ դատական իշխանությունը որոշել է ծածկադմփոց անել դատավարությունը ու նիստն անցկացնում է դռնփակ ռեժիմով։
 

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ այսօր դռնփակ ռեժիմով կայացել է Ախունդովի դատավճռի դեմ բերված բողոքի քննությունը, որով տուժող կողմը պահանջում է մասնակի բեկանել դատական ակտը և Ախունդովի նկատմամբ որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը։
 

Ընդ որում, ինչպես նշվեց, դատարանը որոշել է դռնփակ ռեժիմով քննել գործը, թեև տուժող կողմը վիճարկում է բացառապես դատավճռի եզրափակիչ մասը՝ պատժի մասով, իսկ հիմքերն, այսպես ասած, բոլորովին կապ չունեն փաստական տվյալների, ապացույցների հետ, ըստ այդմ, դրանք քննության առարկա չեն դարձվի վերաքննիչ ատյանում, ուստի, հարց է՝ ինչու է գործի քննությունը թաքցվում հանրությունից այն դեպքում, երբ, օրինակ, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերի, անգամ՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դեմ շինծու դատավարությունը թշնամի պետությունը «շոուի» է վերածել։

 

Տուժող Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ալավերդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ առաջին ատյանում ևս գործը դռնփակ է քննվել, սակայն դա պատճառաբանվել էր նրանով, որ քննարկման առարկա պետք է դարձվեին պետական գաղտնիքի տարրեր պարունակող որոշակի հանգամանքներ, օրինակ՝ սահմանը հատելու եղանակը և այլն, ինչը չի կարելի ասել այս դեպքում, քանի որ փաստական հանգամանքների բովանդակային հետազոտում չի իրականացվում։

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն