Ում շնորհիվ է հնարավոր բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը. Անդրանիկ Քոչարյանը` վկաների մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հետաքրքրում է, թե ուր է «Հոկտեմբերի 27»-ի գործով կարևոր վկա Ալեքսան Հարությունյանը։ Այս մասին նա ասաց ԱԺ բակում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերին նվիրված հուշակոթողի մոտ ծաղիկ խոնարհելուց հետո։

 

Նշենք, որ Ալեքսան Հարությունյանը եղել է ՀՀ նախագահի խորհրդական, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Հոկտեմբերի 27-ից հետո գործում ներգրավված է եղել որպես մեղադրյալ և ձերբակալվել: 2000 թվականի ապրիլին, սակայն, նրա խափանման միջոցը փոխվել էր: Հարությունյանի դեմ ցուցմունք էր տվել 1 հոգի՝ Նաիրի Հունանյանը (հանցախումբը գլխավորողն է, նա ցմահ ազատազրկված է` խմբ.): Վերջինս ասել էր, թե Ալեքսան Հարությունյանն ակտիվ մասնակցություն է ունեցել հոկտեմբերի 27-ի գործը կազմակերպելու մեջ:

 

«Շատ կարևոր վկաների մի մասը տարօրինակ հանգամանքներում մահացել է, ինչ–որ անձանց մասին էլ ոչինչ չգիտենք։ Օրինակ` ո՞ւր է Ալեքսան Հարությունյանը, նա կարևոր վկա է և քանի դեռ նա կա` գործը շանս ունի բացահայտվելու»,– ասաց Քոչարյանը։

 

Ըստ նրա՝ տեղի ունեցած ահաբեկչության բացահայտման համար որպես ժառանգություն թողնված է բավականին շատ գործ, որը մեծ հույս է ներշնչում ցանկալի արդյունքին հասնելու համար։

 

«Շատերը մեկուսարաններում մահացան, Հունանյան եղբայրների քեռին էլեկտրահարվեց։ Կալանքի տակ գտնվողները հոկտեմբերի 27–ից հետո հնարավորություն ունեցան ազատ արձակվելու, բայց ենթադրում եմ, որ դրանից հետո պետք է քննությունը նորից լսեր այդ մարդկանց։ Կարեն Դեմիրճյանի կուսակցության անդամներից մեկը` Հմայակ Հովհաննիսյանը, հիմա էլ ցանկանում է առերեսում անցնել։ Քրեական գործողությունների խումբը հերթականությամբ անում է քայլերը»,– ասաց նա։

 

Քոչարյանը հույս հայտնեց` հաջորդ տարի հոկտեմբերի 27–ին, հասարակությանը կներկայացվի ցանկալի արդյունք, որին հայ ժողովուրդը սպասում է։ Նա միևնույն ժամանակ ընդգծեց` հոկտեմբերի 27-ի գործը ժողովրդի համար բացահայտված է, խնդիրը նրանում է, թե իրավական առումով բացահայտումներն ինչ ընթացք պետք է ունենան։

Քաղաքականություն