Հրթիռը «գոլորշիացել է». ՀԱՄԱՍ-ը չի կարողացել ապացուցել, որ Իսրայելը հարված է հասցրել հիվանդանոցին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Գազայի հիվանդանոցին հրթիռի հարվածի իրեղեն ապացույցներ չի ներկայացրել՝ դա բացատրելով նրանով, որ հրթիռը «գոլորշիացել է»: Շարժման ներկայացուցիչներն առաջարկել են գալ և ամեն ինչ ուսումնասիրել իրենց ունեցած ապացույցների հիման վրա, հայտնում է The New York Times թերթը: Տեղեկությունը փոխանցում է tass.ru-ն:
Պարբերականի լրագրողները շարժման ներկայացուցիչներին խնդրել են ներկայացնել առկա ցանկացած ապացույց այն բանի օգտին, որ հրթիռն իսկապես հարվածել է հիվանդանոցին։
«Հրթիռը ջրի մեջ աղի պես լուծվեց։ Այն գոլորշիացավ: Ոչինչ չի մնացել»,- հարցմանն ի պատասխան թերթին ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Գազի Համադը։ Իր հերթին ՀԱՄԱՍ լրատվական ծառայության ղեկավար Սալամա Մաարուֆը թերթի լրագրողներին ասել է, որ իրենք «կարող են գալ, ուսումնասիրել և ամեն ինչ պարզել մեր ունեցած ապացույցների հիման վրա»:
«Ով ասաց, որ մենք պարտավոր ենք տրամադրել յուրաքանչյուր հրթիռի բեկորներ, որոնք սպանում են մեր մարդկանց»- հավելել է ծառայության ղեկավարը:
Պարբերականը գրում է, որ համաշխարհային ԶԼՄ-ները Գազայի հիվանդանոցին հարվածելու մասին լուրը տարածել են անմիջապես այն բանից հետո, երբ այդ մասին հայտնել են Գազայի մեդիառեսուրսները: Իսրայելը հերքել է հակառակորդի տվյալները, սակայն նրանց աջակցել են արաբական երկրները։ Մի քանի օր անց Գազայի իշխանությունները փոխել են տեղի ունեցածի իրենց վարկածը։ Սկզբում Գազայի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ հարվածի հետևանքով զոհվել է 500-833 մարդ, այժմ առավել հաճախ նշվում է 471 զոհվածի թիվը: Պայթյունը, ինչպես պարզվել է, տեղի է ունեցել ոչ թե հիվանդանոցում, այլ նրա կայանատեղիում, նշում է թերթը։
Պարբերականը գրում է, որ Իսրայելը պայթյունի պատասխանատվությունը դրել է «Իսլամական ջիհադ» խմբավորման վրա: Նա, իբր, հրթիռ է արձակել, որն այնուհետև շեղվել է ընթացքից և հարվածել քաղաքացիական թիրախին։ Իսրայելական կողմը մերժել է լրագրողների խնդրանքները՝ տվյալներ տրամադրել հիվանդանոցի տարածքում պայթյունի պահին իրականացված գործողությունների մասին: Իսրայելի ներկայացուցիչները թերթին չեն հայտնել նաև, թե ինչ տեսագրության հիման վրա են պնդում պաղեստինյան խմբավորմանը պայթյունի համար պատասխանատվությունը:
«Մենք սխալներ ենք թույլ տվել, ես դա չեմ ժխտի։ Սակայն նման մասշտաբի սխալներ չեն»,- պարբերականին հայտնել Է «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչ Մուսաբ ալ-Բրեյմը։