
ԱՄՆ–ն ոչ շահեկան վիճակում է. Սուրեն Սուրենյանցը՝ պատերազմի վտանգի մասին արտահոսքի մասին. ԶԼՄ

Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին ամերիկյան պարբերականի արտահոսքից հետո ԱՄՆ–ն հայտնվել է ոչ այնքան շահեկան իրավիճակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով «Politico» պարբերականում հրապարակված տեղեկությանը:
Հոկտեմբերի 14-ին ամերիկյան «Politico»–ն, հղում անելով անանուն աղբյուրներին, գրել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրենսդիրների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Վաշինգտոնն առաջիկա շաբաթներին չի բացառում Ադրբեջանի հնարավոր ներխուժումը Հայաստան։ Հաջորդ օրը պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ հոդվածում առկա տեղեկությունը սխալ է և չի արտացոլում այն, ինչ Բլինքենն ասել է օրենսդիրներին։
«Եթե հանկարծ հարձակում տեղի ունենա, կստացվի, որ ԱՄՆ–ն դա իմացել է և, ունենալով Բաքվի վրա բացառիկ հզոր ազդեցության լծակներ, չի կանխել այն»,– ասել է Սուրենյանցը, որը հերքում չի համարում ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը։
Նրա խոսքով` որևէ ձևով չի հերքվում այն մտավախությունը, թե Հայաստանի վրա կարող է հարձակում լինել։
«Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում ասվում է` սխալ տեղեկություն է հաղորդվել։ Չի նշվում, թե ինչի վերաբերյալ է սխալ տեղեկություն հաղորդվել։ Բովանդակային հերքում ես չեմ տեսնում։ Ավելի շատ տեսնում եմ դիսկոմֆորտ այն բանի կապակցությամբ, որ դիվանագիտական խողովակներով տեղի ունեցած զրույցից արտահոսք է եղել»,– նշել է Սուրենյանցը։
Նա չի բացառել, որ մամուլի միջոցով դիվանագիտական արտահոսքը պատահական չի եղել. Միացյալ նահանգներն այսկերպ փորձել է կանխել Ադրբեջանի հարձակումը կամ ՀՀ–ի նկատմամբ ճնշում գործադրել` զիջումների հակելու նպատակով։ Սուրենյանցը միաժամանակ դժվարացել է կանխատեսել` Վաշինգտոնը կոնկրետ քայլեր կիրականացնի Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու համար, թե ոչ։
Մանրամասները՝ կայքում: