ՄԱԿ-ը պատրաստվում է չեղարկել ԼՂ–ում իր վերջին առաքելության եզրակացությունը․ Միրզոյան

ՄԱԿ–ը հայտարարություն է պատրաստում, որտեղ, ի թիվս այլ բաների, կնշվի, որ Լեռնային Ղարաբաղ մեկնած առաքելության անդամների եզրակացությունը չի արտահայտում իրենց տեսակետը: Այս մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

ՄԱԿ–ի ուշացած առաքելությունը ԼՂ և դրան հետևած հայտարարությունը

 

ՄԱԿ առաքելությունը Արցախ է գնացել հոկտեմբերի 1–ին, երբ այն արդեն հայաթափված էր։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 2–ին հայտարարել է, որ մեկ օրում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չի ստացել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն, չեն հայտնաբերել սատկած ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։

 

«Որքանով ինձ հայտնի է` նախապատրաստվում է ՄԱԿ–ի` համապատասխան գործակալության հայտարարությունն այն մասին, որ նշված առաքելության եզրակացությունները չեն պատկանում ՄԱԿ–ին։ Համենայն դեպս, սրանք էին ինձ տրված հավաստիացումները։ Սպասենք, կտեսնենք»,– հավելեց Միրզոյանը։

 

Նա կրկնեց, որ Հայաստանը ամիսներ շարունակ դիմել Է ՄԱԿ–ին և պահանջել միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՄԱԿ–ի և նրա գործակալությունների արձագանքն ու միջամտությունը: ՀՀ իշխանությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ միջազգային կազմակերպությունները, ցավոք, համարժեք արձագանք չեն ցուցաբերել։

 

«Ուզում եմ հույս հայտնել, որ ՄԱԿ–ն իր գնահատականը կարտահայտի, թեև ուշացումով»,– հայտարարել է Միրզոյանը։