«ԼՂ տարածքում խաղաղապահների տեղակայման հարցերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ». Զախարովա

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները և այլ հարցեր կորոշվեն ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Նա այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք հնարավո՞ր է երկարաձգվի ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը 2025 թվականից հետո։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվայում բազմիցս այդ մասին խոսել են. հարցը կլուծվի՝ հաշվի առնելով իրավիճակը «երկրի վրա»։

 

«Մենք տեղեկություններ ենք ստանում, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության մի մասը (բռնի տեղահանվելուց հետո–խմբ.) ցանկանում է վերադառնալ, եթե դրա համար համապատասխան պայմաններ լինեն և ապահովվի նրանց անվտանգությունը։ Այդ դեպքում ադրբեջանական կողմի հետ շփումներում մենք կաջակցենք նաև այդ գործընթացին»,– ասել է ռուս դիվանագետը։

 

Լեռնային Ղարաբաղի բնակիչներն Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ են եղել 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերի վերջին զանգվածային արտագաղթը։ Վերջին ամիսներին Լաչինի միջանցքը փակ էր նույնիսկ մարդասիրական բեռների, այդ թվում՝ դեղորայքի համար, կտրոններով մթերքի տրամադրումը դադարեց, իսկ ալյուրի բացակայության պատճառով դադարեց հացի արտադրությունը։