
Ի՞նչ է հաղորդել «Ալ Ջազիրա»-ն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից

Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանի իշխանությունների թույլտվությամբ միջազգային լրատվամիջոցներից առաջինը քաթարական «Ալ Ջազիրա»-ի նկարահանող խումբն է մուտք գործել Արցախի տարածք և եղել մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակից ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով այնտեղ տիրող իրավիճակը։
Հեռուստաալիքի հաղորդավարը բացման խոսքում Արցախը ներկայացրել է որպես «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան»՝ նշելով, որ այնտեղ բնակվող 120 հազար հայերը հեռացել են Հայաստան։ Թե՛ հաղորդավարը, թե՛ Ստեփանակերտից աշխատող թղթակիցը, խոսելով քաղաքի մասին, մեծամասամբ կիրառում են «Խանքենդի» անվանումը։ Թղթակիցն իր խոսքում պարբերաբար ադրբեջանական թեզեր է մեջբերել։ Նա, կադրում ցույց տալով Վերածննդի հրապարակում տիրող խառնիճաղանջ իրավիճակը, նշում է, որ մարդիկ հեռացել են, ինչպես կարողացել են՝ չհավատալով Ադրբեջանի կառավարության հավաստիացումներին, որ իրենց քրեական պատասխանատվության չեն ենթարկի։ Նա հաղորդում է նաև, որ քաղաքում որևէ մարդ չի մնացել՝ բացառությամբ որոշ թվով տարեցների, տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների։ Միջազգային հեռուստաալիքի թղթակիցը նշել է, որ թեև այստեղ 120 հազար մարդ է հեռացել, սակայն Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են վերաբնակեցնել հայերից լիովին դատարկված բնակավայրերը։
Հեռուստաընկերության ուղիղ եթերում Ստեփանակերտում ԿԽՄԿ Արագ տեղակայման մշտական թիմի ղեկավար Մարկո Սուչին հայտնել է, որ բնակչությանը մեծ մասը լքել է բնակավայրերը։
«Փողոցները դատարկ են, դատարկ են նաև հիվանդանոցները, ողջ անձնակազմը մեկնել է, դիահերձարանի տնօրենը նույնպես մեկնել է։ Իհարկե, մեր գլխավոր մտահոգությունը, նպատակը ամենախոցելի մարդկանց գտնելը եւ, մասնավորապես, վիրավորներին օգնելն է, նրանց բուժօգնություն տրամադրելն ու տարհանումը կազմակերպելը»,- հայնտել է Սուչին։
ԿԽՄԿ ներկայացուցիչը նշել է, որ Ստեփանակերտում մնացել են հիմանականում ծերերը, հաշմանդամները՝ այն անձինք, որոնք միայնակ են՝ չունեն ընտանիք ու ազգականներ։
«Սրանք են հենց այն մարդիկ, որոնց մենք հիմնականում փնտրում ենք։ Ունենք մի քանի թիմեր, որոնք փնտրում են տուն առ տուն՝ փորձելով գտնել այս մարդկանց, հասկանալ, թե արդյոք և ինչ օգնության կարիք ունեն»,- նշել է Սուչին՝ հավելելով՝ իրենց գլխավոր մտահոգությունն այն է, որ ամենախոցելի խմբերը չմատնվեն անտերության։
Կարմիր խաչի ներկայացուցիչը դժվարացել է գնահատել, թե որքան մարդ է մնացել քաղաքում։
«Այստեղ շրջելը կարող է ինքնին ցույց տալ, թե որքան մարդ է մնացել՝ գուցե մի քանի հարյուր։ Սոցիալական ծառայություններն այս պահին դեռ գործում են, սակայն ինչ վերաբերում է առողջապահական համակարգին, չէի ասի, որ կաթվածահար է ամբողջովին, սակայն չկա անձնակազմ։ Այստեղ մնացած բնակչության համար սա ամենագլխավոր կարիքն է։ Նաև կարիք կա կապ ստեղծել քաղաքում, տարածաշրջանում մնացած մարդկանց և նրանց հարազատների, ընտանիքների միջև, վերականգնել ընտանեկան կապերը։ Նաև մեր առաջնահերթություններից է այստեղ մնացածներին սննդի, դեղորայքի մատակարարումը»,- նշել է Սուչին։