«Մենք Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ռազմական ագրեսիային։

 

Փաշինյանը տեղեկացրել է, որ ԱԽ նիստ է հրավիրել, քննարկել ստեղծված իրավիճակը․ «Մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն այդ գործողութունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ-ին։ Իհարկե, դա Ադրբեջանի վարկածն է, և ուզում եմ սրա վրա ուշադրություն հրավիրել։ Բայց փաստն այն է, որ մենք Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»,- ասել է նա։

 

Փաշինյանը հայտարարել է, թե իրավիճակն անկանխատեսելի որակել չի կարելի, քանի որ իրադրության լարումը տեսանելի էր։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու օպերացիա. «Առաջինը ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, և երկրորդը՝ ակնկալում ենք, որ ՄԱԿ ԱԽ-ն նույնպես միջոցներ կձեռնարկի»։

 

Նա նշել է, թե մեկնաբանություններ կան, որ փորձ է արվում տեղի ունեցածը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ. «ՀՀ-ն որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել ու շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովումը։ Դա է եղել մեր օրակարգում մշտապես»։