«Սա սխալ հայտարարություն է». Ադրբեջանից արձագանքել են Արցախի մասով Պուտինի հայտարարությանը

Պուտինի ասածից հետևում է, թե իբր Հայաստանը չի ընդունել 5 շրջանները վերադարձնելու և Քելբաջարի (Քարվաճառ) ու Լաչինի (Քաշաթաղ), ինչպես նաև Արցախի կարգավիճակի հարցերը հաջորդ փուլ տեղափոխելու առաջարկը, իսկ Ադրբեջանն ընդունել է այս առաջարկը. սա սխալ հայտարարություն է։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիք Զուլֆուգարովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի երեկվա հայտարարությունը:

«Սա սխալ հայտարարություն է։ Հենց ադրբեջանական կողմը չի ընդունել այս առաջարկը։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Որովհետև երբ այդ առաջարկներն առաջ էին քաշվում, ես  նախագահ Հեյդար Ալիևի հատուկ ներկայացուցիչն էի այդ հարցերի շուրջ, և ես գիտեմ այդ հարցերի մասին»,- ասել է Զուլֆուգարովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի համաձայնել այս առաջարկներին, մինչդեռ Հայաստանի դիրքորոշումն էր վերադարձնել տարածքների մի մասը՝ Արցախի անկախության դիմաց։

«Ադրբեջանը չընդունեց Հայաստանի այս հայեցակարգը և առաջարկը՝ այդ հայեցակարգի հիման վրա նախ 5 շրջանի, ապա ևս 2 շրջանի վերադարձը։ Հետագայում Հայաստանը հայտարարեց, որ ոչ մի տարածք չի վերադանձնի, դե ֆակտո այդ տարածքները միացվել են Հայաստանին և բանակցությունների կարիք չունի։ Պուտինի պնդումները կապված են հենց այս դիրքորոշման հետ, որով Հայաստանը հանդես եկավ ավելի ուշ», - նշել է ադրբեջանցի դիվանագետը։

Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, որ երկու շրջանը՝ Քելբաջարը (Քարվաճառ) ու Լաչինը (Քաշաթաղ), ամբողջ Արցախը փաստացի մնալու էին Հայաստանի իրավասության ներքո՝ Զուլֆուգարովն ասել է.«Պուտինը խոսում է ժամանակավոր իրավասության մասին: Պուտինն օգտագործել է այս տերմինը՝ հարցը իրավական տեսանկյունից ավելի արժանահավատ դարձնելու համար։ ՌԴ նախագահի հայտարարության էությունն այն է, որ այս հարցերում մեղավոր է հենց Հայաստանը։ Մյուս կողմից, Պուտինը չգիտես ինչու չի ասում, որ այդ առաջարկները եղել են Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների կողմից։ Համանախագահները նույնպես նույն դիրքորոշումն են արտահայտել։ Անգամ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներն այս առնչությամբ հայտարարություններ արեցին և ասացին, որ դա իրենց ընդհանուր դիրքորոշումն է»։

Հիշեցնենք, որ երեկ Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ, խոսելով արցախյան հիմնախնդրի մասին մի շարք հայտարարություններ է արել։