Այսօր մեկնարկում են հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները

Այսօր մեկնարկում են հայ–ամերիկյան «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ 2023»  համատեղ զորավարժությունները: Ինչպես հայտնել է ՀՀ ՊՆ–ն՝ «Միջազգային Խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։


«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ Կարողությունների Հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Զորավարժությունները ենթադրում են կայունացման գործողություններ հակամարտող կողմերի միջև՝ խաղաղապահ խնդիրներ իրականացնելիս։ 

ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության տվյալներով՝ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։ Մասնավորապես, կներգրավվեն ԱՄՆ բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին բրիգադի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց հետ Հայաստանը համագործակցության ծրագիր ունի 2003 թվականից։ 

2023 թվականի հունվարին Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում։ Միջոցառման անցկացումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անվանվել է «ոչ նպատակահարմար»։ 

Սեպտեմբերի 8-ին ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ: ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան է հայտնել Հայաստանի ղեկավարության մի շարք գործողությունների և հայտարարությունների առնչությամբ։ 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 10-ին ասել է, որ Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համար։ 

«Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ն փորձում է ներթափանցել Անդրկովկաս: Չեմ կարծում, որ դա լավ է որևէ մեկի, այդ թվում՝ հենց Հայաստանի համար»,- ասել է նա Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում։