Խստորեն կոչ ենք անում զերծ մնալ ռազմական ցանկացած էսկալացիայից. Շոլց – Փաշինյան հեռախոսազրույց

Գերմանիայի կառավարության մամուլի և տեղեկատվության գրասենյակը հաղորդագրություն է տարածել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։

 

«Կանցլեր Շոլցն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուշադրության կենտրոնում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջանում ստեղծված լարված իրավիճակը։ Դաշնային կանցլերն իր խորը մտահոգությունն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում կայուն աճող լարվածության, մասնավորապես՝ ռազմական միավորումների տեղաշարժման առնչությամբ։ 

 

Դաշնային կառավարությունը խստորեն կոչ է անում զերծ մնալ ռազմական ցանկացած էսկալացիայից։ 

 

Այժմ անհրաժեշտ է արագ համաձայնություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնության ցուցաբերման հարցում, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով. այժմ բոլորը պետք է առանց հապաղելու կառուցողական աշխատեն այդ նպատակի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ ՀՀ վարչապետի և Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը.

 

«Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր:

 

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։

 

Կանցլեր Շոլցը նշել է, որ պատրաստակամ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ»: