Արգենտինայի նախագահը G20-ի գագաթնաժողովում բարձրաձայնել է Արցախի շրջափակման մասին
Այսօր Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը Նյու Դելիում ընթացող G20 պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովի առաջին լիագումար նիստում ելույթի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակմանը: Այս մասին հայտնում է Diarioarmenia.org -ը:
«Այն ժամանակ, երբ Եվրոպայի արևելքում մոլեգնում է պատերազմ և բազմապատկվում են բռնի հակամարտությունները, որոնք հասարակության հատուկ ուշադրությունը չեն գրավում, նույնքան ցավոտ է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում, որը հերթական անգամ պատժում է հայ ժողովրդին իր տարածքի մի մասում», – ասել է Ֆեռնանդեսը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից: Հունիսի 15-ին Բաքուն արգելել է մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, ինչի հետևանքով արցախահայությունը հայտնվել է սովի շեմին։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:
Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական Կարմիր մահիկի և ռուսական Կարմիր խաչի միջև համագործակցության հուշագրի համաձայն, Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ, Ղարաբաղի հայ բնակիչների պարենային կարիքները բավարարելու նպատակով, ռուսական Կարմիր խաչը տրամադրել է 1 բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված պարենային և ոչ պարենային ապրանքներով:
Բեռնատարն անցել է ռուս-ադրբեջանական սահմանը տեղական ժամանակով 14:30-ին և նախատեսում է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ Աղդամ-Ասկերան ճանապարհով։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊՊԾ պետին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոն...
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...