
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան

Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղթերը՝ պատճառաբանելով, որ գրանցման խնդիր կա, բայց իրականում գրանցումը կապ չունի քաղաքացիության հետ․ դատարանն ավելի ուշ դա վերականգնեց, մենք տարանք, որ ԱԺ հանձնենք, պարզվեց՝ ուշացրել ենք։ Այս մասին տեղեկանում ենք MediaHub-ից, որի հետ զրույցում ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ նշելով, որ հիմա, իրավիճակը թողել ենք ապագային։
«Իրականում, այստեղ ամեն ինչ անհասկանալի է, չորս քաղաքական ուժ մեկ մարդու է առաջադրել ու գոռում է, որ պետք է համախմբում լինի: Եթե համախմբում պետք է լինի, ապա ինչու մեզ չէիք հրավիրել այդ քննարկմանը։ Իրենց ասած համախմբումը ձևական բան է։ Կարծում եմ՝ առանց մեզ այդ ընտրությունը չի հաջողվի, քանի որ ձայները չեն բավարարի ընտրվելու համար. սա վաղը կտեսնենք։ Եթե վաղը Շահրամանյանը չընտրվի, յոթ օրից նոր ընտրություն է լինելու և այդ ժամանակ մենք նորից իմ թեկնածությունն ենք առաջադրելու»,-ասել է նա լրատվամիջոցի հետ զրույցում։
Բաբայանը նշել է, որ մեղադրանքներ է լսում իր հասցեին, թե այս իրավիճակում գնում է քաղաքական հրահրումների, բայց նույն ժամանակ իր համար անընդունելի է, որ մի քանի անձով որոշում են, թե ով է լինելու երկրի ղեկավարը։
Լրատվամիջոցի հարցին, թե Բաբայանը հաճախ հայտարարել է, որ չի հավակնում նախագահ դառնալ և դիտարկում է պետնախարարի պաշտոնը, վերջինս արձագանքել է․
«Չեմ բացառում, որ կարող եմ պետնախարար լինել, բայց այստեղ հարցը քաղաքական ինտրիգներն են, որոնք ուժերը սրում են։ Մեզ համար պետք է մեկ գաղափար լինի, այո՛, դա համախմբումն է, բայց ի՞նչ համախմբում է առաջարկում այս 4 ուժը։ Սամվել Շահրամանյանը ռուսամետ հայացքներ ունի և իրենց շահերն է պաշտպանում. ինձ համար անընդունելի է, որ իմ ժողովուրդը կարող է այլ ազգի շահերը պաշտպանել ու իրենց ձեռքում գործիք լինել։ Ռուսական կողմն ասում է՝ դուք Ադրբեջան եք և այս մարդը, որ գա, նույն թեզն է ընդունելու, իսկ ես ասում եմ՝ թողեք բանակցենք Ադրբեջանի հետ, որ մեր կարգավիճակը հասկանանք, բայց դուք էդ հնարավորությունը չեք տալիս։ Աղդամի ճանապարհին դեմ էին, հիմա նույն ուժերն են ասում՝ գոնե Աղդամով ալյուր մտնի։ Նույն ժամանակ ակնհայտ է, որ Հայաստանի դեմ են այս ուժերը, Հայաստանին թշնամի են սարքել, ես ո՞նց էս թիմին միանամ»։
Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ վաղը Արցախի ԱԺ-ի դիմաց աջակիցները ակցիա են անելու՝ ընդդեմ Շահրամանյանի ընտրության։ «Ժողովուրդը վաղը պահանջելու է, որ առանց իրենց կարծիքը հարցնելու նախագահ չընտրեն»,- հավելել է Բաբայանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԱԾ–ն հայտարարություն է տարաել՝ նշելով, որ Արցախի նախագահի ընտրություններով պայմանավորված` հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն, որից փորձում են օգտվել տարբեր քաղաքական ուժեր` հավաքների և ցույցերի անցկացման կոչեր անելով ու փորձելով ապակայունացնել իրավիճակը։ Հավելենք, որ Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա վաղը, լինելու է մեկ թեկնածու։