«Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին ՀՀ վերջին առաջարկներին». Գրիգորյան

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

«Իմ ունեցած տեղեկություններով ՝ վերջին առաջարկին արձագանք դեռ չկա», - ասել է Գրիգորյանը:

 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։

 

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

 

Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։

 

Վերջին հանդիպումը, Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, կայացավ հուլիսի 25–ին Մոսկվայում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։