«Ռուսաստանն անմիջապես կվերադառնա հացահատիկի գործարքին, հենց որ կատարվեն ՌԴ-ՄԱԿ հուշագրի բոլոր կետերը». Լավրով

Ռուսաստանն անհապաղ կվերադառնա հացահատիկի գործարքին, հենց որ կատարվեն ՌԴ - ՄԱԿ հուշագրի բոլոր կետերը, մինչդեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նոր առաջարկները խոստումներ էին պարունակում, բայց ոչ դրա երաշխիքներ։ Հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Հենց որ կատարվեն բոլոր երաշխիքները, որոնք ներառված են Ռուսաստան-ՄԱԿ հուշագրում՝ որպես Գուտերեշի փաթեթի մաս, մենք անմիջապես կվերադառնանք այն ամենի կատարմանը, ինչ գրված է այս փաթեթի ուկրաինական մասում»,- ասել է նա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո։ 

 

Լավրովը նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն օգոստոսի վերջին Յոհանեսբուրգում ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի շրջանակում խոսել է իր նոր նախաձեռնությունների մասին։

 

«Նա ինձ պատմեց իր նոր նախաձեռնությունների մասին, ինձ համապատասխան հաղորդագրություններ ուղարկեց: Մենք ազնվորեն բացատրեցինք գլխավոր քարտուղարին, մեր թուրք ընկերներին, որ դեռևս երաշխիք չկա այս ուղերձում: Կան միայն խոստումներ՝ ավելի արագ, ավելի ակտիվ ձգտելու»,- հավելել է նախարարը:

 

Լավրովի խոսքով՝ ամեն ինչ հիմնված է այն բանի վրա, որ «Արևմուտքը խոչընդոտում է այն խնդիրների լուծմանը, որոնք խոչընդոտում են ռուսական հացահատիկի և պարարտանյութերի ավելի ակտիվ արտահանմանը»։