«Վագներ»–ի մարտիկներին խորհուրդ են տվել այլ աշխատանք գտնել

«Վագներ» ՄՌԿ–ի ներկայացուցիչը մարտիկներին խորհուրդ է տվել այլ աշխատանք գտնել, քանի որ խումբն այլևս չի կարող մասնակցել Ուկրաինայի պատերազմին և բախվում է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ՌԴ ՊՆ-ի և Ռոսվարդիայի լուրջ մրցակցությանը։ Այս մասին գրում է «Важные истории»–ն՝ հղում անելով վարձկանների ձայնային հաղորդագրություններին: Ձայնագրության իսկությունը հրատարակությանը հաստատել են խմբավորման ներկայացուցիչները: 

Ձայնագրության մեջ հայտնված անձն իրավիճակը անվանում է «չափազանց ծանր»:

«Մի քանի տասնյակ հազար պատրաստված մարտիկներ պատրաստ են աշխատելու և պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, բայց հայտնի հանգամանքներից ելնելով մեզ դեռ ներս չեն թողնում։ Այժմ մենք ստիպված ենք աշխատանքի տարբերակներ փնտրել Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Այնտեղ էլ վիճակը ծանր է. մենք կոշտ մրցակցության մեջ ենք ՊՆ-ի և Ռոսգվարդիայի հետ, որոնք նույնպես ծրագրում են այնտեղ զբաղվել մեր իրականացրած նմանատիպ գործունեությամբ»,- նշվում է ձայնագրության մեջ։ 

ՄՌԿ–ի ներկայացուցչի խոսքով՝ Եվգենի Պրիգոժինը Աֆրիկա կատարած իր վերջին այցի ժամանակ «լուծում էր այդ հարցերը», իսկ այժմ «դրանք հետագայում կլուծվեն ղեկավարության կողմից»։ Նա նշել է, որ ՄՌԿ-ն «կփորձի» ապահովել իր մարտիկներին աշխատանքով, սակայն «երբ և ինչ ծավալներով դեռևս հայտնի չէ»։ 

«Դրա համար կամ սպասեք, կամ փող աշխատելու այլ ուղիներ փնտրեք։ Հետևեք միջազգային իրավիճակին: Եթե ​​մեր թիմը ներառվի ՀՌԳ–ին (Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն), ապա մենք ակտիվորեն կվերսկսենք հավաքագրման աշխատանքները, աշխատանք կլինի»,- ձայնագրության մեջ նշում է խմբավորման ներկայացուցիչը: 

Պատահարներ