Արևմուտքը և Կիևը սկսել են Ուկրաինայի ԶՈւ ռազմավարություն պատրաստել 2024–ի համար. The Guardian
Ուկրաինայի և Արևմուտքի բարձրագույն ռազմական ղեկավարության ներկայացուցիչները սկսել են քննարկել 2024 թվականի համար Ուկրաինայի զինված ուժերի նոր ռազմավարությունը, գրում է The Guardian-ը։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի բարձրաստիճան զինվորականների հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ։
Հրատարակությունը բանակցություններն անվանում է «անսովոր». ժամանել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին իր ողջ թիմով։ «Ռազմական խորհուրդը» տեղի է ունեցել ուկրաինա-լեհական սահմանին՝ «գաղտնի վայրում»՝ Կիևից գրեթե 500 կմ հեռավորության վրա։
The Guardian-ը նշում է, որ բանակցություններին մասնակցել է ոչ միայն Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլին, այլ նաև ծովակալ, բրիտանական բանակի պաշտպանության շտաբի պետ Թոնի Ռադակինը։
Արևմուտքի և Կիևի ներկայացուցիչների հինգժամյա հանդիպման հիմնական հարցերը ուկրաինական բանակի մարտական գործողությունների պլաններն էին գալիք ձմռանը և 2024 թվականին։ Կողմերը նաև պարզել են, թե ինչ անել ուկրաինական հակահարձակման դադարեցման հետ և ինչպես «թարմացնել» Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարությունը:
Ուկրաինական հակահարձակումը շարունակվում է ամռան սկզբից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այն ընթանում է «ավելի դանդաղ, քան մենք կցանկանայինք», և դա բացատրել է նրանով, որ ուկրաինական կողմը շատ զգուշավոր է։ Վալերի Զալուժնին ընդգծել է, որ Ուկրաինան ամեն օր առաջ է գնում, թեկուզ 500 մետրով։
Հուլիսի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հակահարձակողական գործողությունն անվանել էր «ապարդյուն»: Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մատնանշել է, որ Կիևը գործնականում սպառել է իր ռազմական ռեսուրսը։