Ուկրաինան, կարծես, սպառել է «հակահարձակման» գործողությունների տարբերակները. WP
Ըստ ամենայնի՝ Ուկրաինայի հակահարձակման գործողությունների տարբերակները վերջանում են, գրում է ամերիկյան ազդեցիկ The Washington Post պարբերականը։ Հոդվածից հատվածներ է ներկայացնում ՌԻԱ Նովոստին։
«Երևում է՝ Ուկրաինայում վերջանում են հակահարձակման տարբերակները, որը պաշտոնյաները սկզբում դիտարկում էին որպես Կիևի կարևորագույն գործողություն»,-գրում է պարբերականը։
Հոդվածի հեղինակը նշում է, որ մարտի դաշտում հաջողություն ցույց տալու Ուկրաինայի անկարողությունը մտավախություն է առաջացնում, որ հակամարտությունը «փակուղի է մտնում», և միջազգային աջակցությունը կարող է թուլանալ։
Պարբերականի տվյալներով՝ Արևմուտքի և Ուկրաինայի պաշտոնյաները, պատասխանելով հակահարձակման ընթացքի մասին հարցերին, համբերության կոչ են անում։ Նրանք ռազմական գործողությունների ընթացքը բնութագրում են որպես «սպասվածից ավելի դանդաղ», սակայն պնդում են, որ Ուկրաինան առաջ է շարժվում։
Ուկրաինայի հակահարձակումը Հարավային Դոնեցկի, Արտյոմովսկի և առաջին հերթին, Զապորոժիեի ուղղությամբ սկսվել է հունիսի 4-ին։ Կիևը մարտի է նետել ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված և արևմտյան տեխնիկայով զինված բրիգադները, այդ թվում՝ լայնորեն գովազդված Leopard տանկերը. հետագայում մարտադաշտում ծխացող մեքենաների կադրերը աղմուկ էին բարձրացրել Արևմուտքում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ ուկրաինական զորքերը արդյունքներ, համենայնդեպս, առայժմ չունեն, իսկ արևմտյան կուրատորները ակնհայտորեն հիասթափված են «հակահարձակման» ընթացքից։ Կիևին, նրա խոսքով, չեն օգնում «ո՛չ հսկայական կուտակված ռեսուրսները, ո՛չ զենքի, տանկերի, հրետանու, զրահատեխնիկայի, հրթիռների մատակարարումը, ո՛չ հազարավոր վարձկաններ ու խորհրդականներ ուղարկելը»։