
Սեպտեմբերին խաղաղության պայմանագրի շուրջ նոր հանդիպումներ կլինեն. Էդմոն Մարուքյան

Խաղաղության պայմանագրի շուրջ վերջին հանդիպումը եղել է Մոսկվայում, սեպտեմբերին սպասվում են նոր հանդիպումներ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Մի քանի անգամ և՛ վարչապետի, և՛ արտգործնախարարի կողմից արվել են հայտարարություններ, որ այն գործողությունները, որ Ադրբեջանը անում է, խաթարում են խաղաղության ամբողջ գործընթացը ու տանում են զրոյացման։ Հայաստանը դուրս չի եկել այդ գործընթացից և դուրս չի գալիս, շարունակում է հավատարիմ մնալ այդ գործընթացին։ Բայց ինչպես ասում են «տանգոն միայնակ չեն պարում» և գործընթացի շարունակության իմաստով հակառակ կողմ է պետք»,- ասել է նա։
Մարուքյանի խոսքով՝ հայկական կողմը շարունակում է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքներ տանել։
«Պատասխանների վրա աշխատանքները շարունակվում են, այդ իմաստով որևէ բան չի դադարել։ Բայց այն ինչ ունենք, բնավ չի նպաստում այդ գործընթացի արդյունավետությանը»,- նշել է Մարուքյանը։