Արցախի ԱԳՆ հերքում և խստիվ դատապարտում է, թե Արցախի ՊԲ-ն ռազմական տեխնիկա է տեղաշարժում
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության կապակցությամբ․
«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:
Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար:
Միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրության լարման է գնում Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ գումարելու Հայաստանի Հանրապետության պահանջից ընդամենը երկու օր անց: Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետից միջազգային կառույցների ուշադրությունը շեղելու փորձ:
Վերստին նշում ենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով հայտնվել է լիակատար շրջափակման մեջ: Ավելին, 2023 թ. հունիսի 15-ից Արցախի ժողովուրդը զրկված է Լաչինի միջանցքով նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով սննդամթերքի, դեղորայքի և կենսական նշանակության մնացած բոլոր ապրանքների անգամ նվազագույն քանակի ներկրման հնարավորությունից։
Այսպիսով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, միջազգային համընդհանուր իրավական նորմերը, ինչպես նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված կոնկրետ միջազգային իրավական ակտերը, որոնց թվում են ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները Լաչինի միջանցքի ապարգելափակման վերաբերյալ։
Պահանջում ենք միջազգային բոլոր դերակատարներից և, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմից անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները:
Ստեղծված իրավիճակում հրամայական ենք համարում հնարավորինս հրատապ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի գումարումը՝ Լաչինի միջանցքի ամբողջական և անվերապահ ապարգելափակմանն ուղղված անհրաժեշտ և արդյունավետ միջոցների իրականացման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով»։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը կգնա Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ ԱԽ նիստին
Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շր...
Թուրք մտավորականները միավորվել են` կանխելու հումանիտար աղետն Արցախում
Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջա...
Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումն ավարտվեց. հայտնի են նրանք
Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումն ավարտվել է։ Առաջադրվել է 14 ուժ՝ 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ...
Կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ անցում տրամադրելու իմ կոչը․ ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ նախորդ շաբաթ հեռախոսային խոսակցություններից հետո խն...