Ռուսաստանը պատրաստվում է արգելել բենզինի ազատ արտահանումը
Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել բենզինի ազատ վաճառքն արտասահմանում՝ վառելիքի ներքին շուկան սառեցնելու համար, որտեղ տարեսկզբից գներն աճել են 60%-ով և նորացրել պատմական բարձր ցուցանիշները։
Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, որը վերահսկում է էներգետիկայի ոլորտը, հանձնարարել է էներգետիկայի նախարարությանը դիտարկել նավթամթերքի արտահանման համար լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը, հայտնում է Интерфакс–ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Նախարարությունն ավելի վաղ առաջարկել էր թույլատրել երկրից վառելիքի արտահանումը միայն ընկերությունների նեղ շրջանակի համար, որոնք կընդգրկվեն «հատուկ արտահանողների» պաշտոնական ցուցակում։ Սակայն Տնտեսական զարգացման նախարարությունը դեմ է արտահայտվել, ըստ որի՝ նման ցուցակի հրապարակումը վտանգավոր կլինի ընկերությունների և նրանց գործակալների համար պատժամիջոցների ռիսկերի պատճառով։
Տնտեսական զարգացման նախարարությունն առաջարկում է լիցենզավորում մտցնել, և Նովակը հավանություն է տվել այդ գաղափարին, ասում է Интерфакс-ի աղբյուրը։ Նրա խոսքով՝ փոխվարչապետը կողմ է նավթամթերք արտահանողների թվի սահմանափակմանը։ Միաժամանակ, դեռևս պարզ չէ, թե ում և ինչ հիմքով են տրվելու լիցենզիաները։
Տարեսկզբից Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայում AI-92 բենզինը թանկացել է 67%-ով, իսկ AI-95-ը՝ 64%-ով։ Հուլիսի վերջին երկու ապրանքանիշերն էլ գների պատմական ռեկորդներ են սահմանել՝ համապատասխանաբար 64 և 69,7 հազար ռուբլի։
Դիզվառելիքի գների աճը հուլիսին կտրուկ արագացել է՝ վերջին մեկուկես ամսվա ընթացքում կազմելով 23 տոկոս։ Օգոստոսին դիզելային վառելիքի գնանշումները ռեկորդներ են սահմանել ինը անգամ (երկուշաբթի մեկ տոննայի համար՝ ավելի քան 65 հազար ռուբլի), մազութը՝ երեք անգամ (գրեթե 35 հազար ռուբլի):
Reuters-ի կողմից հարցված առևտրականները խոսում են մեծածախ բենզինի պակասի մասին և որպես պակասի պատճառ նշում նավթային ընկերություններին տրվող սուբսիդիաների կրճատումը:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է Հայաստանից ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան: Արգելքը վերաբերում է նաև Հայաստանից տեղափոխվ...
Mercedes-Benz–ը ռուս դիլերներին ամբողջությամբ անջատել է ծրագրային ապահովումից
Գերմանական Mercedes-Benz ավտոկոնցեռնը ռուս դիլերներին ամբողջությամբ անջատել է ծրագրային ապահովումից։ Այս մասին Известия-...
Ստամբուլին ջրի երկու ամսվա պաշար է մնացել. ԶԼՄ
Ստամբուլին մատակարարող ջրամբարներում ընդամենը երկու ամսվա պաշար է մնացել: Այս մասին հայտնում է NTV Haber–ը: Նշվում է, որ...
Հայկական Ararat–ը ներկայացնող Pernod Ricard–ը փակում է ներկայացուցչությունը Ռուսաստանում
Pernod Ricard ալկոհոլային կոնցեռնը պատրաստվում է փակել իր ներկայացուցչությունը Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտ...