
«Երբ սոված եք, չպետք է պայմաններ դնեք». Ալիևի ներկայացուցիչ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Ֆրանսիական «Le Monde» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության՝ Լաչինի ճանապարհը պետք է օգտագործվեր բացառապես մարդասիրական նպատակներով, սակայն այն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ (Արցախ) սպառազինություն հասցնելու և Հայաստան ապօրինի կերպով օգտակար հանածոներ արտահանելու համար․
«Այդ իսկ պատճառով մենք ստիպված էինք այս տարվա ապրիլի 23-ին Հայաստանի հետ սահմանին անցակետ տեղադրել», - նշել է նախագահի ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ Ադրբեջանն առաջարկում է սննդամթերք առաքել Լեռնային Ղարաբաղ՝ հայ բնակչության հիմնական մարդասիրական կարիքները բավարարելու համար, օգտագործելով նաև Աղդամից և Ֆիզուլիից եկող ճանապարհները, սակայն Ղարաբաղի հայերը կտրականապես հրաժարվում են․
«Երբ սոված եք, չպետք է պայմաններ դնեք։ Ի՞նչ տարբերություն, թե որ ճանապարհով է հասնելու այդքան սպասված սննդամթերքը՝ Լաչինո՞վ, թե՞ Աղդամից ու Ֆիզուլիից։ Հիմնական խնդիրն այն է, որ կարողանան ձեռք բերել անհրաժեշտ ապրանքները: Բայց առկա է հարցի արհեստական քաղաքականացում՝ Ադրբեջանի վրա դրսից ճնշում գործադրելու նպատակով»,- ավելացրել է նա։
Ըստ նրա՝ Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, քանի որ իբր ռազմական բնույթի տեղափոխություններ են եղել։ Նա նաև կասկածի տակ է դրել ԼՂ-ում ապրող հայերի քանակը։