Չինաստանը սահմանափակել է դրոնների արտահանումը «ռազմական նպատակներով դրանց վերազինումը կանխելու համար»
Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ սահմանափակումներ է մտցնում որոշ անօդաչու թռչող սարքերի և սարքավորումների արտահանման վրա՝ «կանխելու դրանց վերազինումը ռազմական նպատակներով»։ Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։
«Չինաստանը ցանկանում է պաշտպանել «իր ազգային շահերն ու անվտանգությունը» տեխնոլոգիաների հասանելիության հարցում ԱՄՆ-ի հետ լարվածության սրման պայմաններում: Սահմանափակումները կանդրադառնան անօդաչու թռչող սարքերի, լազերների, կապի սարքավորումների և հակադրոնային համակարգերի շարժիչների որոշ տեսակների վրա»,- հայտնում է գործակալությունը։
Պեկինը ակնկալում է երաշխիքներ, որ չինական քաղաքացիական անօդաչու սարքերը չեն օգտագործվի երրորդ երկրների կողմից ռազմական նպատակներով։ Խոսքը 7 կգ-ից ավել կշռող անօդաչուների մասին է, որոնք ունակ են 30 րոպեից ավելի օդում մնալ, առարկաներ տեղափոխել ու գետնին գցել։
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ իշխանություններն արդեն իսկ ծանուցել են համապատասխան երկրներին ու տարածաշրջաններին նոր միջոցառումների մասին։ Ենթադրվում է, որ սահմանափակումները կլինեն ժամանակավոր՝ նախատեսված են երկու տարվա համար։
«Արտահանման վերահսկողությունը չի նշանակում արտահանման արգելք։ Եթե անօդաչու թռչող սարքն օգտագործվում է օրինական քաղաքացիական նպատակներով, ապա անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո այն կարող է արտահանվել սովորական եղանակով»,- պարզաբանել են նախարարությունից։
Գործակալությունը հիշեցնում է, որ Չինաստանը «ունի անօդաչու թռչող սարքերի արտադրության մեծ արդյունաբերություն և դրանք արտահանում է մի քանի շուկաներ, այդ թվում՝ ԱՄՆ»։