Ճանապարհը հեշտ չէ․ բազմաթիվ բարդ ու կարևոր խնդիրներ կան լուծելու․ Լավրով
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են նաև 2020 թվականի եռակողմ հայտարարությունում հաղորդակցությունների ապաշրջափակման դրույթին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով եռակողմ բանակցությունների արդյունքի մասին։
«Նկատի ունեմ անխոչընդոտ տեղաշարժի ապահովումը, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը ողջ տարածաշրջանում»,- ասել է նա։
Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, որոնք «սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի հետ, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու հարցերին»։
«Մենք ակնկալում ենք, որ այս պայմանագրի ստորագրումը կլինի մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը, որը կավարտվի հայերի և ադրբեջանցիների ջանքերի ներքո, որոնք նախաձեռնվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ժամանակ։
Ճանապարհը հեշտ չէ։ Բազմաթիվ բարդ ու կարևոր խնդիրներ կան լուծելու։ Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականին Ալմա-Աթայում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրի համաձայն։ Դրա արդյունավետությունն այսօր հաստատվել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան, կառուցվում է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը»,- նշել է նա։
Ըստ նրա՝ հայկական կողմը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը հնարավորինս շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ «համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները (այս դեպքում՝ Ադրբեջանինը), ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները»։
Ըստ Լավրովի՝ ադրբեջանական կողմը «պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց նկատմամբ, հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել այս և այլ ոլորտներում բանակցային գործընթացին․
«Ամենամոտ արդյունքն այս փուլում եռակողմ աշխատանքային խմբում համաձայնության ձեռքբերումն է՝ երեք փոխվարչապետների գլխավորությամբ, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ։ Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաև տրանսպորտի ոլորտում խոստումնալից նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ»։