ԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել 4,05 միլիարդ եվրո՝ Անկախության օրվա նախօրեին

Եվրոպական միությունը Ուկրաինային է փոխանցել 4,05 միլիարդ եվրո՝ երկրի 34-րդ Անկախության օրվա նախօրեին։ Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։


«Այս նոր ֆինանսավորումը ընդգծում է մեր հանձնառությունը ոչ միայն Ուկրաինայի վերականգնմանը, այլև նրա ապագային՝ որպես ինքնիշխան և ժողովրդավարական երկրի», -նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Ինչպես ընդգծել է Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն, 3,05 միլիարդ եվրոն տրամադրվել է Ukraine Facility ծրագրի շրջանակում՝ Ուկրաինայի վերականգնման համար, իսկ ևս 1 միլիարդ եվրոն՝ ERA Loans նախաձեռնության շրջանակում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։


«Այս աջակցությունը ուժեղացնում է ինչպես պետական բյուջեն, այնպես էլ վերականգնման գործընթացը։ Շնորհակալություն եվրոպական գործընկերներին»,-գրել է Սվիրիդենկոն իր Telegram-ալիքում։ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի ամբողջամասշտաբ ներխուժումից հետո՝ 2022 թվականից ի վեր, ԵՄ-ն և նրա անդամ պետությունները Ուկրաինային ընդհանուր առմամբ տրամադրել են 168,9 միլիարդ եվրո՝ հումանիտար, ֆինանսական և ռազմական օգնության ձևով։

Քաղաքականություն