
Ռուսաստանը «քթից բռնած տանում է Թրամփին». Լավրովը՝ ԱՄՆ օրենսդիրների հայտարարությունների մասին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը «խաղաղություն են ուզում» Ուկրաինայում, սակայն եվրոպացի քաղաքական գործիչների գործողությունները ցույց են տալիս, որ իրենք դա չեն ուզում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ամերիկյան NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք խաղաղություն ենք ուզում Ուկրաինայում։ ԱՄՆ նախագահ Թրամփը նույնպես խաղաղություն է ուզում Ուկրաինայում։ Սակայն եվրոպացի գործընկերների գործողությունները ցույց են տալիս, որ նրանք խաղաղություն չեն ուզում։ Նրանք ասում են, որ չեն կարող թույլ տալ, որ Ուկրաինան պարտվի։ Նրանք չեն կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի։ Սրանք այն կատեգորիաներն են, որոնք նրանք օգտագործում են՝ «հաղթանակ», «պարտություն» և այլն»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Պուտինը նույնպես «խաղաղություն է ուզում»։
Լավրովը մեկնաբանել է նաև ամերիկացի օրենսդիրների այն հայտարարությունները, որոնք ասում են, որ Ռուսաստանը «քթից բռնած տանում է Թրամփին»:
«Օրենսդիրները կամ լրատվամիջոցները չպետք է որոշեն, թե ինչով է առաջնորդվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։