Արժե՞ ինչ-որ բան սպասել բրյուսելյան հերթական հանդիպումից. «Փաստ»

«Այսօր՝ հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հերթական հանդիպումը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը.   

 

«Մոլդովայում հունիսի 1-ին տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը նախատեսել էին հուլիսի 21-ին կրկին հանդիպել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ մի փոքր «առաջ են բերել» այդ հանդիպումը: Հարցը, թե արժե՞ ինչ-որ բան սպասել Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումից, ինչ խոսք, առկա պայմաններում առավել քան հռետորական է: Ակնհայտ է, որ ոչ մի դրական բան Հայաստանի ու հայության համար չի սպասվում, եթե Հայաստանի անունից հանդես է գալիս Արցախի վերաբերյալ թշնամու հետ նույն բանն ասող Նիկոլ Փաշինյանը:

 

Հատկանշական են ոչ միայն հանդիպման վայրը, ոչ միայն հանդիպման միջնորդը, եթե կուզեք՝ «քավորը», այլև այն, թե ինչ պայմաններում, ինչ հանգամանքների ուղեկցությամբ է այդ հանդիպումը տեղի ունենալու: Տեսեք. ադրբեջանական կողմը, որ արդեն իսկ բացահայտորեն ոտնահարել է բոլոր հնարավոր պայմանավորվածությունները և, թևավորված Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը ադրբեջանական է» հայտարարությունից, է՛լ ավելի է խստացրել շրջափակումը, ակտիվացրել է ռազմական բնույթի սադրանքների թիվը, չի թաքցնում Արցախի հայությանը կոտորածի, սովամահության և զրկանքների մատնելու իր նպատակներն ու գործելակերպը: Նման պայմաններում Նիկոլ Փաշինյանը, որ ինքզինքը հռչակել է «ամենահայրենասեր անձ», ծպտուն իսկ չի հանում Արցախի մասին, չի դնում որևէ նախապայման Ալիևի առաջ:

 

Ավելին, Փաշինյանը նման նախապայման չի դնում Շառլ Միշելի առաջ: Եթե Եվրոպային այդքան խիստ անհրաժեշտ է նման հանդիպումը, ապա թող բարի լինեն, իրենց ձկնկիթի ու նավթադոլարների և իրենց համար այդքան անհրաժեշտ գազի մատակարարի վրա բավարար ճնշում գործադրեն՝ առնվազն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու, ազատ, առանց ադրբեջանական ելուզակների «բլոկպոստերին» առնչվելու տեղաշարժ ապահովելու համար: Կանե՞ն: Այդ ժամանակ էլ թող Փաշինյանն էլի վազեվազ գնար Բրյուսել՝ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ հանդիպման: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման պահանջներ կամ պայմաններ չի դնում, այլև, ասես ընդհանրապես ոչինչ չի պատահել, ընդառաջում է հանդիպումն արագացնելուն, ձեռքի հետ էլ՝ սահմանազատման հանձնաժողովի հանդիպումներին են նրա ներկայացուցիչները մասնակցում:

 

Էհ, եթե Հայաստանը ներկայացնողը որևէ խնդիր չի տեսնում, Արցախն Ադրբեջանի կողմից բլոկադայի ենթարկելու պայմաններում Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպելու և նրա հետ ինչ-որ «խաղաղության պայմանագիր» քննարկելու հարցում, ապա ինչո՞ւ պիտի անհանգստանան նույն Շառլ Միշելը կամ որևէ այլ օտարերկրացի գործիչ: Իսկ Նիկոլ Փաշինյանը երևի շատ է ուզում ոչ միայն կատարել, այլև գերակատարել իր «խաղաղության պլանը»: Դա նշանակում է միայն նոր կորուստներ, նոր անընկալելի զիջումներ թշնամուն, նույն այդ թշնամու կողմից Հայաստանի մնացորդների վրա հարձակվելու և հայությանը բնաջնջելու պատերազմական ծրագրերի խթանում: Ուզո՞ւմ եք, 1000 հատ «խաղաղության պայմանագիր» ստորագրեք, միևնույնն է, խաղաղություն չի լինելու:

 

Թշնամու ծրագրերը անփոփոխ են՝ վերացնել Հայաստանը, բնաջնջել, կոտորել, սպանել, մորթել հայերին: Եթե որևէ մեկը խելքը հացի հետ է կերել և ինչ-ինչ պատրանքներ ունի, ապա նրան ոչնչով չենք օգնի: Իսկ ով նման բան չի արել, իհարկե, հասկանում է, որ նման պայմաններում, նման իրավիճակում ոչ մի խաղաղություն էլ չի կարող լինել, այլ լինելու է Հայաստանի աստիճանական, սողացող թրքացում՝ մի կողմից, և Հայաստանի ադրբեջանականացում, փաստացի զավթում՝ մյուս կողմից: Սա է, ուրիշ «խաղաղություն» Հայաստանի, ընդգծենք՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Հայաստանի համար նախատեսված չէ»:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: