
Հնդկաստանը կփորձի վայրէջք կատարել Լուսնի վրա

Հնդկաստանի տիեզերական գործակալությունը պատրաստվում է այս ուրբաթ արձակել հրթիռ, որը կփորձի վայրէջք կատարել Լուսնի վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ եթե Հնդկաստանին դա հաջողվի, ապա այն կդառնա դեպի Լուսին սարք ուղարկած ու դրա բարեհաջող վայրէջքն իրականացրած չորրորդ երկիրն աշխարհում: Առայժմ դա հաջողվել է միայն Միացյալ Նահանգներին, նախկին Խորհրդային Միությանը և Չինաստանին: Այս տարվա սկզբին Ճապոնիայի փորձն ավարտվել է սարքի կործանմամբ:
Ինչպես գրում է կայքը, 75 միլիոն դոլարից պակաս բյուջեով կառուցված «Չանդրայան-3» սարքը պետք է արձակվի Հնդկաստանի գլխավոր տիեզերակայանից տեղական ժամանակով 14:35-ին:
Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, 43,5 մետր LVM3 հրթիռակիրը տիեզերանավը կհանի Երկրի ուղեծիր, հետո այն օգոստոսի 23-ին վայրէջք կկատարի Լուսնի վրա: