Հանկարծամահ է եղել Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարը
Մահացել է Բելառուսի տրանսպորտի նախարար Ալեքսեյ Ավրամենկոն։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը` վկայակոչելով Բելառուսի տրանսպորտի նախարարությունը։
«Կյանքի 47-րդ տարում, հուլիսի 4-ին, անժամանակ մահացել է Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ալեքսեյ Ավրամենկոն»,– ասվում է հաղորդագրությունում։
Մահվան պատճառների մասին դեռևս չեն հայտնում։
Ավրամենկոն ծնվել է 1977 թվականին Մինսկում։ 2006 թվականից տարբեր պաշտոններում աշխատել է Բելառուսի նախարարների խորհրդի աշխատակազմի տրանսպորտի և կապի վարչությունում։ 2012 թ. գլխավորել է նախարարների խորհրդի աշխատակազմի տրանսպորտի և կապի վարչությունը։
2013 թվականից զբաղեցրել է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնը, 2016 թվականից` տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 2019 թվականին նշանակվել է Բելառուսի տրանսպորտի և կապի նախարար։
Հավելնք, որ 2022 թվականի նոյեմբերին անհայտ հանգամանքներում մահացել է Բելառուսի ԱԳ նախարարը: