«Գոյ» թատրոնը կշարունակի իր գործունեությունը մինչև Վարչական դատարանի հիմնական դատական ակտի կայացումը

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2023 թվականի մայիսի 11-ին ընդունված N 701-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և Վարչական դատավարության օրենսգիրք 83 հոդվածի 1-ին մասով կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը:

 

Սա ենթադրում է, որ թատրոնը չի փակվի մինչև Վարչական դատարանի հիմնական դատական ակտի կայացումը:

 

Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են թատրոնի ներկայացուցիչը, փաստաբանն ու  թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել էր մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը պետք է կրճատվեր, թատրոնի ստեղծագործական կազմն էլ՝ «Գոյ» թատերախումբ անունով, գործունեություն ծավալեր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:

 

Թատրոնի անձնակազմն ի սկզբանե դեմ էր նախագծին՝ համարելով, որ նման կերպ միտում կա դադարեցնել թատրոնի գործունեությունը։

Նախարարությունը նախագիծը ներկայացրել էր ՀՀ կառավարություն: ՀՀ կառավարության՝ մայիսի 11-ին անցկացված նիստում որոշում էր կայացվել «Գոյ» թատրոնը միացնել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

 

«Թատրոնի անդամներով հայց ներկայացրինք դատարան, որը մերժվեց: Հիմա հայցը դատարանում է: Երեկ այս գործով վարույթ է ընդունվել, որովհետև այն պատճառները, որ բերվում են, մտացածին են, արհեստական են»,- ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:

 

«Այս պահին իրավական առումով կա իրավիճակ, որ «Գոյ» թատրոնը չի փակվում:  Իմ ներքին համոզմամբ՝ այն չի փակվելու առհասարակ, բայց փաստ է, որ այն չի փակվի մինչև հիմնական դատական ակտի կայացումը»,-նշել է փաստաբանը։

 

Փաստաբանը նաև ասել է, որ կա որոշում, որում սահմանված են որոշակի գործողություններ, մասնավորապես գործընթաց, որը հանգեցնելու է «Գոյ» թատրոնի այլևս գոյություն չունենալուն, բայց, քանի որ որոշումը թատրոնի կողմից վիճարկվում է, և վիճարկում են, որ նման որոշումն ընդունվել է օրենքի խախտումներով, ուստի դրան պետք է գնահատական տա դատարանը։

 

«Դատարանը վարույթ է ընդունել, այսինքն՝ խնդիր կա և պետք է քննվի, թե ով է ճիշտ, ով է սխալ: Քանի որ Վարչական դատարանը բավականին ծանրաբեռնված է, չգիտենք, թե վարույթ ընդունված որոշման վերաբերյալ դատական առաջին նիստը երբ կլինի, չեմ բացառում, որ նիստը տեղի ունենա օրինակ վեց ամիս հետ»,-ասել է Կարո Ասատրյանը։

 

Նշենք, որ թատրոնը շարունակում է աշխատել: Թատրոնում նաև պրեմիերաներ են սպասվում։