![Դավիթ Բաբայանը` Արցախում իրավիճակի, Պուտինին ուղարկված նամակի մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/df8ffb14b9b12132282c96f8c068246c.webp)
Դավիթ Բաբայանը` Արցախում իրավիճակի, Պուտինին ուղարկված նամակի մասին
![Դավիթ Բաբայանը` Արցախում իրավիճակի, Պուտինին ուղարկված նամակի մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/df8ffb14b9b12132282c96f8c068246c.webp)
Մինչ Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր հարթակներում ներկայացնում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ, 120 հազար հայ շարունակում է զրկված լինել ազատությունից, սննդից, դեղորայքից: Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգընթաց` Ադրբեջանի ԶՈԻ-ն հերթական ռազմական ագրեսիան իրականացրեց, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ: Auroranews-ը կապ հաստատեց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ` ճշտելու` ի՞նչ իրավիճակ է այս պահին Արցախում:
«Իրավիճակը չի փոխվել, նույն վիճակն է` կայուն, բայց ծանր: Այսպես կարելի է բնութագրել իրավիճակն Արցախում: Քաղաքական առումով որևէ նոր բան չկա»,- նշեց Բաբայանը:
Անդրադառնալով Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի գրառմանը, ըստ որի՝ ԱՀ նախագահը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` փորձեցինք ճշտել` ի՞նչ ակնկալիքներ կան:
«Ճիշտն ասած, տեղյակ չեմ, բայց խնդիրն այն է, որ մենք պարբերաբար դիմում ենք տարբեր երկրների, առավել ևս Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Մենք պարզապես այլ տարբերակ չունենք, և մենք ակնկալում ենք, որ լուրջ տեղաշարժեր կլինեն մեր տարածաշրջանում, հատկապես այդ չարաբաստիկ 2020 թվականի պայմանագրի դրույթների պահպանման գործում: Դրույթների պահպանումն ինքնին շատ կարևոր կլինի, քանի որ մենք տեսնում ենք` ինչպես է Ադրբեջանն ամեն ինչ խախտում: Ուրիշ բան չենք ուզում, սա մինիմումն է, որ պետք է արվի, մանավանդ որ դրա համար կան իրավական հիմքեր: Ինչքան խորանում է այս ճգնաժամը՝ Ադրբեջանի ախորժակն այդքան բացվում է: Սա մենք պետք է լավ հասկանանք: Տարբեր տիպի նամակներն ու քննարկումները կարևոր են և միշտ եղել են»,- ասաց Բաբայանը:
Ըստ ԱՀ նախագահի խորհրդականի` լավատեսություն միշտ պետք է ունենալ, պետք է լինի պրոֆեսիոնալ և հայրենասեր թիմ, առանց դրա ծանր է մարտահրավերներին առերեսվելը:
«Կարծում եմ նույնն ամենուր է, երբ կա պրոֆեսիոնալիզմի կամ հայրենասիրության պակաս, ամենաուժեղ երկիրը կարող է կանգնել կազմալուծման վտանգի առջև»,- եզրափակեց ԱՀ խորհրդականը: