
«Ես հոգուս խորքում զգում էի, թե ինչ է տեղի ունեցել». «Տիտանիկի» ռեժիսորը` սուզանավի աղետի մասին

«Տիտանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, որը բազմիցս բաթիսկաֆով սուզվել է մեծ խորության վրա, BBC-ին հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ «Տիտան» սուզանավի անհետացումից անմիջապես հետո մտածել է վատագույն սցենարի մասին:
Քեմերոնը նաև հայտնել է, որ սուզանավը գործարկող OpenGate ընկերությանը նախազգուշացրել էին վտանգների մասին:
Քեմերոնը, որ 33 անգամ սուզվել է դեպի «Տիտանիկի» խորտակման վայրը, նշում է, որ իրադարձությունների պատկերն իրեն հայտնի է դարձել հենց սկզբից:
«Ես հոգուս խորքում զգում էի, թե ինչ է տեղի ունեցել: Եթե սուզանավի էլեկտրոնիկան խափանվել է, շարքից դուրս է եկել կապի համակարգը և միաժամանակ՝ տեղորոշման հաղորդիչը, ապա սուզանավը կորած է», - ասում է Քեմերոնը:
Քեմերոնը միանգամից մտածել է, որ սուզանավը ճզմվել է ջրի մեծ ճնշման պատճառով:
Ըստ Քեմերոնի՝ «սարսափելի հեգնանք» կա «Տիտան» սուզանավի կործանման մեջ, որն իջել էր «Տիտանիկի» ողբերգությունը տեսնելու։ Մինչ այս ռեժիսորը հեռուստատեսային հարցազրույցներում ասել էր, որ «Տիտանիկի» նավապետին բազմիցս զգուշացրել էին այսբերգների վտանգի մասին, սակայն նա անտեսել էր այդ նախազգուշացումները։
Այժմ, ինչպես պնդում է ռեժիսորը, պատմությունը կրկնվել է, քանի որ OceanGate-ին, որին պատկանում էր «Տիտանը», զգուշացրել էին, որ սուզանավը «գնում է դեպի աղետ»:
«Այժմ մենք ևս մեկ վթար ունենք, ցավոք, նախազգուշացումներն անտեսելու նույն սխալի պատճառով», - ասել է Քեմերոնը:
2019-ին դրա մասին բլոգային գրառման մեջ ընկերությունը հայտնել է, որ «Տիտան»-ի նախագծման ձևը դուրս է եկել ընդունված համակարգից, բայց դա «չի նշանակում, որ OceanGate-ը չի համապատասխանում չափանիշներին, որտեղ նրանք կիրառվում են»:
Հայտնել էինք, որ սուզանավի ամենաերիտասարդ տղան չի ցանկացել մեկնել ռիսկային ուղևորությանը:
Նշենք, որ The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով որոնողական աշխատանքներին մասնակցած պաշտոնյաներին` ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը սուզվելուց անմիջապես հետո ձայնագրել են բաթիսկաֆի կորպուսի կործանման ձայնը։ Խորտակված սուզանավում 5 մարդ է եղել։