![Ռուբինյանը ադրբեջանցի պաշտոնյաներից բացատրություն է պահանջել հայերին «քաղցկեղային ուռուցք» անվանելու համար․ ԵԽԽՎ նստաշրջան](https://auroranews.am/storage/img/base_image/old/fb43eaaca9e73b397d082cae0acb3bab.webp)
Ռուբինյանը ադրբեջանցի պաշտոնյաներից բացատրություն է պահանջել հայերին «քաղցկեղային ուռուցք» անվանելու համար․ ԵԽԽՎ նստաշրջան
![Ռուբինյանը ադրբեջանցի պաշտոնյաներից բացատրություն է պահանջել հայերին «քաղցկեղային ուռուցք» անվանելու համար․ ԵԽԽՎ նստաշրջան](https://auroranews.am/storage/img/base_image/old/fb43eaaca9e73b397d082cae0acb3bab.webp)
Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ նստաշրջանում Լաչինի միջանցքով ազատ և ապահով տեղաշարժի ապահովման հարցով քննարկման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաներից բացատրություն է պահանջել հայերին «քաղցկեղային ուռուցք» անվանելու համար։
Նա նաև հայտարարել է, որ վերջին մեկ շաբաթում Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ։
«Զավեշտալի է, չէ՞, որ Լաչինի միջանցքով ազատ և ապահով հասանելիության զեկույցը չի ապահովվել։ Եվ իսկապես սա պատահականություն չէ, ամիսներ շարունակ ԼՂ բնակչությունը շրջափակման մեջ է։ Իսկ մեկ շաբաթ է՝ նրանք լիակատար շրջափակման մեջ են, քանի որ եթե նախկինում ինչ-որ կերպ հնարավոր էր առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնություն, հիմնական մթերքներ ու բժշկական պարագաներ ուղարկել Կարմիր Խաչի միջոցով, այժմ դա բացարձակ անհնար է։ Ավելին, երկու ժամ առաջ, երբ մենք քննարկում էինք կոմիտեում լրացումների հարցը, Ադրբեջանը կոնկրետ պատնեշներ էր տեղադրում Լաչինի միջանցքի սկզբնամասում, այժմ այն ֆիզիկապես ու մշտապես է փակվել։ Իհարկե, մեր ադրբեջանցի գործընկերները պատրաստվում են կրկին այս ամենը հերքել։ Մենք արդեն սովորել ենք դրան, բայց ես շատ ուրախ եմ, որ վերջապես Եվրոպայի խորհուրդն ու Խորհրդարանական վեհաժողովն ի վիճակի են եղել տարբերակել իրավիճակը տեղում»,- հայտարարել է Ռուբինյանը՝ շնորհակալություն հայտնելով Փոլ Գավանին իր ելույթի համար։
Ռուբինյանը հայտարարել է, որ դժվար չէ հասկանալ, թե ինչու է այս ամենը տեղի ունենում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից կտրում են մի խումբ մարդկանց գազը, էլեկտրականությունը, իսկ մյուս կողմից՝ նրանց անվանում են Եվրոպայի «քաղցկեղային ուռուցք»։
«Այսօր մեզ հետ այստեղ է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ պարոն Սեյիդովը, եկեք լսենք նրան, թե ինչո՞ւ է նա մեզ Եվրոպայի «քաղցկեղային ուռուցք» անվանում»,- հավելել է Ռուբինյանը։