ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները թիրախավորել են գործարանի կռունկը, որի միջոցով բարձրացնում էին դրոշների ձողերը. Տիրան Հակոբյան
Մենք Հայաստանի եւ ԱՄՆ-ի դրոշների բարձրացումով արձանագրում ենք, որ այստեղից չենք գնալու, եւ շարունակելու ենք գործարանի կառուցումը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երասխ բնակավայրում լրագրողների հետ զրույցում ասաց GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը:
«Մենք չենք ենթադրում, որ դրոշների բարձրացնելը մեզ ռազմական պաշտպանություն է տալու եւ այլն, դա ուղղակի արձանագրությունն է մեր տնօրենների խորհրդի որոշման: Մենք դրոշների բարձրացումով արձանագրում ենք մեր որոշումը, որ մենք այստեղից տեղ չենք գնալու եւ շարունակելու ենք գործարանի կառուցումը: Մեզ՝ այստեղ լինելու, գործունեություն ծավալելու, որեւէ բան կառուցելու եւ չկառուցելու, համաձայնվելու եւ չհամաձայնվելու միակ օբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է: Հայաստանի Հանրապետությունից մենք ունենք այդ թույլատվությունը, եւ՛ ցանկությունը, եւ՛ օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ այստեղ գործարանը կառուցելու»,- ասել է Տիրան Հակոբյանը:
Հարցին, թե ինչո՞ւ հիմա հիմա որոշվեց բարձրացնել երկու երկրների դրոշները, Հակոբյանն ասաց, որ մինչեւ այդ կարիքը չէին զգացել:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը թիրախավորում է շինարարական տեխնիկան երկու պատճառով՝ վախեցնելու եւ տեխնիկան շարքից հանելու:
«Առաջին կրակոցից հետո ամեն օր եղել են կրակոցներ: Դրոշների բարձրացումը զուտ հոգեբանական գործոն կարող է ունենալ իրենց վրա: Մենք շարունակելու ենք աշխատանքները՝ անկախ կրակել կամ չկրակելուց: Այս տարածքում պետք է կառուցենք գործարանը: Նրանք ինչ-որ պահի հասկանալու են, որ մենք չենք գնալու եւ խաղի այդ կանոններով չենք խաղալու»:
Մանրամասները` տեսանյութում: