Քաղաքականություն

Հուսով եմ՝ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու կարգավորմանը. Լավրով

Unknown 167 դիտում
Հուսով եմ՝ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու կարգավորմանը. Լավրով

Մոսկվան հուսով է, որ Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու նրանց միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը, այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ցավոք,  նրանում, ինչ անում է Միացյալ Նահանգները հիմա, և ինչ անում է Եվրամիությունը, մենք տեսնում ենք ոչ թե բանակցություններին օգնելու, այլ տարածաշրջան ներթափանցելու, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում գործադրելու և որպես որոշիչ դեր ունեցող ուժ հաստատվելու ցանկություն»,-  ասել Լավրովը։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Լավրովի կարծիքով՝ Արևմուտքի նման գործողություններն արտացոլում են նրա ցանկությունը «ընդլայնվելու դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների սահմաններից, և դա քիչ կապ ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ»:

«Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք անկեղծորեն քննարկում ենք նրանց հետ կատարվողը»,- ասել է Լավրովը։

«Մենք դեմ չենք, որ միջազգային այլ խաղացողներ իրենց ուժերը փորձեն միջնորդության հարցում»,- վստահեցրել է նա։
Միաժամանակ, ՌԴ ԱԳ նախարարը նախազգուշացրել է. «Գլխավորն այն է, որ այս միջնորդությունը պետք է հետապնդի այնպիսի պայմանավորվածությունների ապահովում, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, հայկական և ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը»:

Նա նշել է, որ «պայմանավորվածությունների ձեռքբերումը հնարավոր է միայն այն եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակում, որոնք ստորագրել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը»։

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը դրվել է 2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության շնորհիվ, երբ ստորագրվել է վերջնական կարգավորման սկզբունքների մասին առաջին եռակողմ հայտարարությունը։
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250