ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան». փաստաբան
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն:
«Պարոն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց հարցը քննարկելու համար: Որպես ձերբակալման հիմք է նշված, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները. ինչո՞վ է խախտել, նշված չէ: Քննիչին էդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել»,- ՔԿ շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հաղորդել էր, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին:






























