Տարակուսելի է՝ նույն արարքում մեղադրվողներից 2-ն ազատ են, 2-ը՝ կալանքի տակ․ հրդեհի գործով փասաբան

Կալանավորված զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանին առաջադրված մեղադրանքի և կատարվածի միջև պատճառահետևանքային կապ չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գոռ Աղեկյանի փաստաբան Ժորա Համբարձումյանը։ 

 

«Մեղադրանքում նշված է, որ կացարանում կրակմարիչ չի եղել, սակայն նախաքննական մարմինը պետք է հիմնավորվի՝ եթե օգտագործվեր կրակմարիչը, հնարավոր կլինե՞ր կասեցնել ուժգին հրդեհը։ Հրդեհի բռնկումը, տարածումն այնքան ուժգին է եղել, որ կրակմարիչները դեր չէին խաղալու։

 

Վառարանը վառվել է արգելված վառելիքով, բռնկվել է հրդեհ, այսինքն՝ ունենք գործողություն եւ հետեւանք։ Եթե գույքի վնասման համար Գոռ Աղեկյանին մեղադրանք առաջադրեին, դեռ կարող էր ողջամիտ լինել, բայց կապը զինվորների մահի ու անգործության իրավաչափ չէ»,- ասել է նա։

 

Փաստաբանը տարակուսելի է համարել, որ նույն արարքում մեղադրվող չորս սպաներից երկուսն ազատության մեջ են, իսկ երկուսը՝ կալանքի տակ։ 

 

«Բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը նման ընտրողական մոտեցում ցուցաբերում։ Այսինքն․ ըստ նախաքննական մարմնի, Գոռ Աղեկյանը եւ Մառլեն Սարգսյանը կարող են խոչընդոտել քննությանը, ազդեցություն ունենալ վկաների վրա, իսկ Գոռ Մարգարյանը եւ Տիգրան Ղազարյանը չեն կարող»,- նշել է Համբարձումյանը։

 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող: 7 զինծառայող վիրավորվել էր:

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

 

Քաղաքականություն