Նոր ապացույցներ՝ Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունների մասին

Ամերիկյան հետախուզական արբանյակները պայթյուն են գրանցել Կախովկայի հիդրոէլեկտրակայանում ամբարտակի կործանումից անմիջապես առաջ, New York Times-ին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ 

Նրա խոսքով, արբանյակները հայտնաբերել են ուժեղ պայթյունին բնորոշ ջերմային հետք։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզությունը Ռուսաստանին կասկածում է ամբարտակի ոչնչացման մեջ, սակայն դեռ չունի ծանրակշիռ ապացույցներ։ 

Նովայա Կախովկայի ամբարտակի շուրջ 35 կմ-ից պակաս շառավղով ուժեղ պայթյուն են գրանցել նաև Ռումինիայում սեյսմիկ սենսորները։ Ըստ այդ տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը ժամը 02:54-ին։ Հենց այդ ժամանակ էլ, նախագահ Զելենսկու խոսքով, ամբարտակը պայթեցվել է։ 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նորվեգացի սեյսմոլոգները ամբարտակի փլուզումից մոտ քսան րոպե առաջ մեկ այլ՝ ավելի թույլ սեյսմիկ իրադարձություն են հայտնաբերել: 

Ամբարտակի մոտ ապրող մարդիկ հայտնել են, որ լսել են մի քանի պայթյուն, երբ ամբարտակը սկսել է փլուզվել: