
Պետպատվերով բուժզննում անցնելու հերթերը հասնում են մինչեւ նոյեմբեր կամ փաթեթն ընդհանրապես սպառված է

Տարբեր հարթակներում քաղաքացիներն ամիսներ շարունակ ահազանգում են, որ պետական պատվերով բուժզննում անցնելու համար իրենց հերթագրմանը ստիպված են սպասել ամիսներ։ NEWS.am-ի թղթակիցը, որպես բուժառու, կապ է հաստատել առաջատար ութ հիվանդանոցի հետ։
Հիվանդանոցներից կեսում ասել են, որ ստիպված են սպասել մինչեւ նոյեմբեր, իսկ մնացյալ կենտրոններում հորդորեցին զանգահարել հաջորդ ամիս, քանի որ այս պահի համար պետպատվերը սպառված է, եւ հայտնի չէ՝ երբ կլրացվի։
Ավելի վաղ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մեծ հերթերի պատճառն այն է, որ ներմուծված հերթագրման ավտոմատ համակարգը թույլ չի տալիս, որ բժշկական կենտրոնները պացիենտներին սպասարկեն հերթագրումից դուրս։ Լրատվականի հետ զրույցում Առողջության իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ հերթագրման համակարգի փոփոխությամբ իրականում ոչ մի փոփոխություն չպետք է լիներ քաղաքացու համար, որովհետեւ դրանք ուղղակի տեխնիկական փոփոխություններ են։
Նրա կարծիքով՝ խնդրի իրական պատճառն այլ է։ «Ուղղակի նախարարությունը պետք է լինի անկեղծ եւ ասի՝ մենք այսքանն ենք կարողանում անել, ավելին չենք կարող անել մեր ունեցած գումարներով։ Բուժող բժիշկը պետք է որոշի, տա առաջնահերթություններ, եւ ոչ թե այդ համակարգը»,- ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ անհետաձգելի պետպատվերների շարքում ընդգրկված են եզակի եւ սահմանային դեպքեր, սակայն դրանցից բացի կան այլ ծանր դեպքեր եւս, որոնք կրկին անհետաձգելի օգնության շարքում պետք է լինեն։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: