Նոր ատոմակայանի հզորության հարցը դեռևս որոշված չէ. այն կարող է 3-5 մլրդ դոլար արժենալ. «Հետք»

Հայաստանում կառուցվելիք նոր ատոմային էներգաբլոկի կամ էներգաբլոկների հզորության հարցը դեռևս որոշված չէ: Թե որքան կարժենա այն և ով կֆինանսավորի, չի հայտարարվում, սակայն շրջանառվող տեղեկություններով՝ խոսքը մոտ 3-5 մլրդ դոլարի մասին է: Այս մասին գրում է «Հետք»-ը: 

 

Ներկայում գործող Հայկական ատոմակայանի ղեկավարությունը, գիտատեխնիկական աջակցություն ցուցաբերող ինստիտուտն ու այս աշխատանքներում ներգրավված ռուսական «Ռոսատոմ» պետկորպորացիան դեռևս քննարկում են նոր էներգաբլոկի հզորության հարցը:

Արդեն հստակ որոշված է, որ Հայաստանը նոր ատոմային բլոկ է ունենալու 2036 թվականից հետո, երբ ներկայում գործող բլոկը շահագործումից դուրս կգա: Երևանում այսօր՝ հունիսի 5-ին, տեղի ունեցած պանելային հանդիպմանը ատոմակայանի, «Ռոսատոմի» ներկայացուցիչներն ու ոլորտի այլ փորձագետներ քննարկում էին ատոմակայանի հետագա ճակատագիրը: 

 

Քննարկվող տարբերակներից մեկը 1000-1200 մեգավատ հզորությամբ բլոկ կառուցելն է: Այս առաջարկը «Ռոսատոմի» կողմից է հնչել: Համեմատության համար՝ ատոմակայանի ներկայում գործող բլոկի հզորությունը 400 մեգավատ է: 

 

«Ռուսատոմ էներգետիկ նախագծեր» ԲԸ-ի գործադիր տնօրեն Իլյա Վերգիզաևը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը կայանների կառուցման և շահագործման ընդհանուր կարգավորող դաշտ ունեն: Դա թույլ կտա անխափան անցում կատարել եղած կայանից նորին։

«Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության վրա ազդեցությանը, ապա շինարարությանը Հայաստանից կներգրավվեն կազմակերպություններ, հետևաբար՝ կայանի արժեքի մի մասը կվերադառնա երկրի տնտեսություն»,- ասել է Վերգիզաևը։

Ըստ նրա՝ ռուսական տեխնոլոգիաներով ատոմակայանը կլինի նոր սերնդի:

 

Սակայն, ոչ բոլոր փորձագետներն են համարում, որ Հայաստանին այդքան բարձր հզորությամբ ատոմային բլոկ է հարկավոր:

 

«Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի ամբողջ պահանջարկն է 1200  մետագավատով բավարարվում: Այստեղ ոչ միայն ատոմային էներգիան է, այլև՝ հիդրոկայանները, արևային էներգիան, ջէկերը: Խոսվեց 1000-1200 մետագավատանոց բլոկի մասին: Ավելի լավ կլիներ ունենայինք, օրինակ, երկու հատ 500-600 մեգավատ հզորությամբ բլոկ: Սակայն, այս պահին  այդպիսի միջուկային էներգաբլոկներ չկան շահագործման մեջ, չեն կառուցվում: Իսկ բարձր հզորությամբ ատոմակայանը կարող է գլխացավանք դառնալ երկրի համար: Մենք պետք է բոլոր տարբերակները դիտարկենք և ճիշտ հրամցնենք կառավարությանը»,- «Հետք»-ի հետ զրույցում ասել է «Արմատոմ» ՓԲԸ գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Վահրամ Պետոսյանը: 

Այս ինստիտուտը գիտատեխնիական աջակցություն է ցուցաբերում ատոմակայանին: Վահրամ Պետոսյանը նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է:

 

Ըստ նրա՝ կառավարությունը սպասում է այս հարցերով ստեղծված հանձնաժողովի վերջնական որոշմանը: 

Հայաստանի ատոմակայանը (ՀԱԷԿ), որը գտնվում է Մեծամոր քաղաքում, խորհրդային ժամանակներից մնացած ժառանգություն է։ 

Ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։

 

Տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվեց տասը տարով։ Դրանից հետո իշխանությունները մտադիր են ատոմակայանի «կյանքը» երկարացնել ևս 10 տարով՝ մինչև 2036 թվականը: 

 

«Առանց միջուկային էներգաբլոկի Հայաստանը գոյություն ունենալ չի կարող: Մեր երկրի էներգետիկ անվտանգությունը ապահոված կլինենք, եթե ունենանք նոր միջուկային էներգաբլոկ: Մեկ անգամ կանգնեցրել ենք ատոմակայանը, ամբողջ արդյունաբերությունը ոչնչացվեց Հայաստանում: Մնում է ամեն ինչ անել անվտանգ շահագործելու համար: Մեզ անհրաժեշտ է եղած ենթակառուցվածքը ոչ միայն պահպանել, այլև՝ զարգացնել»,- ասում է Վահրամ Պետրոսյանը: 

 

Ըստ նրա՝ ատոմակայանի նոր բլոկի հզորության հարցը պետք է որոշել մոտ ապագայում, որովհետև այն կառուցելու ժամկետը շուրջ 10 տարի է և արդեն պետք է սկսել նախագծման աշխատանքները: 

 

«Կարծում եմ՝ մինչև այս տարվա վերջ պետք է որոշում կայացվի»,- նշում է Պետրոսյանը:

Էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանի տեղեկություններով, որը նաև այս հանդիպման մոդերատորն էր, ռուսական կողմն առաջարկում է 1000-1200 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ կառուցել: 

 

Սակայն, դեռևս պետք է մշակել ճանապարհային քարտեզ և վերջնական որոշում կայացնել՝ ռեակտորի տեխնիկական պարամետրերի հետ կապված։ Նախատեսվում է 2024 թվականի ավարտին և 2025-ի սկզբին սկսել կառուցման աշխատանքները։ Աշխատանքները կտևեն 10-12 տարի: 

 

Նոր էներգաբլոկի արժեքը ատոմակայանի ղեկավարությունը գաղտնի է պահում. շրջանառվող տեղեկություններով՝ 3-5 մլրդ դոլար կարժենա

 

Այլ մանրամասներ` սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ