Մինասյանը` վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու մասին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այն հարցին, թե որքանով է արդար, որ Փաշինյանի որդու ենթադրյալ առևանգման գործով կա կալանավորված անձ, իսկ վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով` ոչ։ 

 

«Նույնիսկ ժողովրդավարական երկրներում կարող են դժբախտ պատահարներ լինել, գնահատական չեմ ուզում տալ կոնկրետ այդ գործի հետ կապված։ Որպես ոչ նախարար և այդ դեպքին սոցիալական ցանցերից ծանոթացած մարդ, ես տեսել եմ դժբախտ պատահար։ Արդար է, թե ոչ, պետք է սպասենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտին։ Դատարանը պետք է ծանոթանա բոլոր նյութերին, օրենսդրությանը, ինչ պարտավորություններ կան (վարչապետի ավտոշարասյան մասին է խոսքը), արդյոք իրավունք կար կանգնելու, թե ոչ»,– նշել է Մինասյանը։

 

Նա ընդգծել է, որ ընտրողական մոտեցում չկա, ուղղակի ժողովրդավարական գործընթացներ են, որոնք հանրության համար և անձամբ իրենց համար ստանդարտներից դուրս են։ Նախարարն օրինակներ բերեց` ասելով, որ ստանդարտից դուրս է այն, երբ դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում ՄԻԵԴ–ի վճռի հիման վրա (նկատի ունի վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին) կամ նույնիսկ վարչապետի դեմ դատական ակտ կայացրած դատավորը (Մնացական Մարտիրոսյանը. խմբ) առաջխաղացում է ունենում` ի հեճուկս գործադիրի։

 

Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։

 

Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանի գործին, ապա մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Քաղաքականություն

Պատահարներ