«ԱԺ-ից ուզել ենք արյան նմուշ վերցնել, չեն տվել». Քյարամյանը` քննիչների և թմրանյութերի դեպքի մասին

Թմրանյութերի օգտագործում–չօգտագործումը մարդու անձնական տիրույթում գտնվող հարց է, և ցանկացած գերատեսչությունում էլ կարող են նման բաներ պատահել։ Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը` պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանին։

 

Պատգամավորը ՔԿ ղեկավարին խնդրեց պարզաբանել Արաբկիրի քննիչների մասնակցությամբ թմրանյութեր իրացնելու աղմկահարույց դեպքը` այն խայտառակություն անվանելով։

 

«Օրինակ` մենք դեպք ենք ունեցել, որ Ազգային ժողովից ուզել ենք արյան նմուշ վերցնել, չեն տվել, կարծում եմ` նման որակումները վաղաժամ են։ Բայց կիսում եմ Ձեր մտահոգությունը։ Այս դեպքի մասին ՔԿ բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է եղել, մենք ԱԱԾ մեր գործընկերների հետ համատեղ ենք աշխատել։ Ես սա արդյունք եմ համարում նաև ՔԿ–ի համար, որովհետև մեր խնդիրն այն է, որ մենք, հարգելով անմեղության կանխավարկածը, հետևողականորեն գնանք համակարգերի մաքրման ուղիով»,– նշել է Քյարամյանը։

 

Նա հավելել է` թեպետ թեմայից դուրս է ասում, բայց այդ շրջանի քննչական բաժնի պետն ու երկու տեղակալներն ազատման դիմումներ են ներկայացրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քյարամյանի հրամանների համաձայն` զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանն ու Արմեն Մուրադյանը:

 

Քյարամյանը նաև տվյալներ ներկայացրեց, որոնք ապացուցում են` ՔԿ–ում «չեն վախենում» իրենց իսկ ներսում քննություններ իրականացնել, քանի որ նպատակը մեկն է` մաքրել համակարգը։ Նրա խոսքով` 2022 թվականի ընթացքում ՔԿ–ում քննչական կոմիտեի ծառայողների վերաբերյալ 5 հաղորդումներ են պատրաստվել և ուղարկվել ԱԱԾ ու Հակակոռուպցիոն կոմիտե։

 

«Ունեցել ենք դեպք, որ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու նախաձեռնողը հենց ՔԿ–ն է եղել, և հետագայում դա արդյունք է տվել։ Արդյունքում մոտ 75 հազար դոլար կաշառքի դեպք է բացահայտվել»,– նշել է Քյարամյանը։

 

2023 թվականի ընթացքում արդեն 7 դեպք կա, երբ ՔԿ–ի աշխատակիցների վերաբերյալ հաղորդումներ են վերցվել, ուղարկվել են ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտե։

 

Հիշեցնենք` լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն մայիսի 31-ի գիշերը ներխուժել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, քանի որ օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։

 

Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ այդ գործի շրջանակում 3 քննիչ է ձերբակալվել: Ըստ տեղեկությունների` 2-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։

Քաղաքականություն

Պատահարներ