Ապօրինի ծագման ի՞նչ գույք ունի նախկին նախարար Արամ Հարությունյանը․ դատախազությունը պահանջում է բռնագանձել

Հակակոռուպցիոն դատարանում հունիսի 1-ին շարունակվել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նրա կնոջ և փեսայի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը։ Այս մասին գրել է «Հետքը»:

 

Դատախազությունը Արամ Հարությունյանից և նրա կնոջից՝ Հասմիկ Աբգարյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, պահանջում է բռնագանձել՝

 

  • Երևանի Ղ․ Փարպեցու փողոցի 17շ․, թիվ 11 բնակարանի 95․1%-ը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 95․1%-ը՝ 59 մլն 249 հազար 249 դրամը,
  • Երևանի Դ․ Անհաղթ, թիվ 10/1 գույքի ⅞ մասի 97․81 %-ը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 97․81 %-ը՝ 1 մլրդ 612 մլն 8 հազար 444 դրամը,
  • Երևան, Բայրոն փողոց, 3/14 բնակարանն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 264 մլն 630 հազար դրամը,
  • Երևան, Բայրոն փողոց, 3/25 ավտոկանգառն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 21 մլն դրամը,
  • Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում գտնվող 0,25 հա հողամասի 54․47%-ը,
  • Դիլիջանում գտնվող 0,8 հա հողամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 62 մլն 725 հազար դրամը,
  • «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 94․23 %-ը, այսինքն՝ 313․8 բաժնետոմս,
  • «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ում մասնակցության 96․93%-ը, այսինքն՝ 3․947 բաժնետոմս
  • «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ում մասնակցության 99․972%-ը, այսինքն՝ 14․420 բաժնետոմս,
  • 8 մլն դոլարին համարժեք 3 մլրդ 962 մլն 560 հազար դրամ
  • 1 մլն 661 հազար 638 դոլար ավանդը
  • 275 մլն 600 հազար 897 դրամ որպես ոչ օրինական եկամուտներից չօգտագործված մաս,
  • 198 մլն 590 հազար դոլարին համարժեք 98 մլն 365 հազար 598 դրամ, որպես ոչ օրինական եկամուտներից ավանդ ներդրված, ապա՝ կանխիկացված գումար,
  • 55 մլն 278 հազար 804 դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխումից ստացված դրամական տեսքով գույք,
  • 272 մլն 975 հազար 855 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
  •  

Արամ Հարությունյանի փեսայից՝ Արշակ Ջավադյանից, բռնագանձել՝

 

  • Երևանի Ուլնեցու փողոց 50/1 հասցեի գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 555 մլն 252 հազար դրամ։
  •  

Դատական նիստին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը միջնորդություն է ներկայացրել հայցի հիմքի փոփոխման մասին։

 

Ըստ դատախազի՝ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի ոչ թե 94․23 %-ն է հանդիսանում ապօրինի ծագում ունեցող, այլ՝ 95․57 %-ը։ 2017-ի սեպտեմբերին Արամ Հարությունյանը այդ բաժնետոմսերից օտարել է 124 հատը 90 մլն դրամով, հետևաբար՝ այդ գումարի համապատասխան մասը՝ 95․57 %-ը ապօրինի է։ Այն կազմում է 86 մլն 13 հազար դրամ նախկին 84 մլն 807 հազար դրամի փոխարեն։

 

Այս գործարքից հետո՝ 2017-ի հոկտեմբերին, Արամ Հարությունյանը 125 հազար դոլարի չափով ավանդ է դրել բանկում, սակայն ըստ դատախազության՝ նա այդքան օրինական եկամուտ չէր կարող ունենալ, քանի որ «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքից մնացած օրինական եկամուտի չափը 8204 դոլար պետք է լիներ, ուստի նրա ավանդի 116 հազար 795 դոլարը եղել է ապօրինի։ Այդ տարվա վերջի դրությամբ՝ ավանդի ոչ օրինական չափը կազմել է 1 մլն 477 հազար 430 դոլար։

 

Արամ Հարությունյանի ներկայացուցիչներ Արթուր Հովհաննիսյանը և Արամ Օրբելյանը նշել են, որ հայցի հիմքի առարկայի փոփոխություն չի կարող իրականացվել, քանի որ կա վերջնական եզրակացություն, որով դատախազությունը նշել է, թե բաժնետոմսերի քանի տոկոսն է համարում ապօրինի, և այդ եզրակացության հիման վրա ներկայացրած հայցադիմումը չի կարող փոփոխության ենթարկվել։ 

 

«Հայցի հիմքի փոփոխություն թույլատրելը նշանակում է դատախազությանը թույլատրել դատական փուլում շարունակել կատարել ուսումնասիրություն, ինչը չի բխում օրենքից»,- ասել է Հովհաննիսյանը։

 

Դատախազը հայտնել է, որ իրենց նկատմամբ որևէ արգելք չկա սահմանված հայցի հիմք և առարկա փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մասով։ 

 

Գործում երրորդ անձ ներգրավված «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը հայտնել է, որ դատախազության ներկայացրածը միայն հայցի հիմքի փոփոխություն չէ, նաև հայցի առարկայի փոփոխություն է։ Հովհաննիսյանը մատնանշել է այն հանգամանքը, որ դատախազությունը «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերից որպես ապօրինի մաս ցանկանում է բռնագանձել 2 մլն 206 հազար դրամով ավել գումար։ Արթուր Հովհաննիսյանն էլ հավելել է, որ դատախազությունը ցանկանում է նաև ավանդային հաշվից բռնագանձել ավելի շատ գումար, քան նախկինում նշել էր, ուստի՝ սա համարվում է հայցի առարկայի փոփոխություն։

 

Ի պատասխան այս հարցի՝ դատախազն ասել է․ «Հայցի առարկայի փոփոխություն չենք արել և չենք պատրաստովում անել»։

 

Դատարանը որոշել է թույլատրել հայցի հիմքի փոփոխությունը և ժամանակ տվեց պատասխանողների ներկայացուցիչներին՝ պատասխան ներկայացնելու համար։ Գործով հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 26-ին՝ 10։00-ին։

 

Նիստից հետո փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը հայտնել է, որ ամբողջ գործի հիմքը այն է, որ ըստ դատախազության՝ 1994 թվականին Արամ Հարությունյանը չի ունեցել բավարար միջոցներ՝ «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որը կազմում է մոտ 4․5 մլն դրամ։ Եվ քանի որ այդ բաժնետոմսերը, ըստ դատախազության, ձեռք են բերվել ապօրինի եղանակով, ապա դրանից հետո ձեռք բերված գույքերը ևս ապօրինի են և ենթակա են բռնագանձման։

 

Հովհաննիսյանի խոսքով՝ դատախազությունն ուսումնասիրությունն իրականացնելիս ունեցել է այն կանխավարկածը, որ 1994 թվականին Արամ Հարությունյանը և իր կինը չեն ունեցել որևէ գումար՝ բացի աշխատավարձերից, որ ձեռք բերեին այդ բաժնետոմսերը։ Փաստաբանն այս վարկածը անհավանական է համարում։ Նրա կարծիքով՝ դատախազությունը դիտավորյալ չի ուսումնասիրել կամ ուսումնասիրել է, բայց թաքցնում է 1994 թվականին նախորդող տարիները։ Հովհաննիսյանը ասում է, որ Արամ Հարությունյանը 1992-1994 թվականներին ՌԴ-ում զբաղվել է բիզնեսով, բացի այդ՝ ծնողներից ստացել է աջակցություն և մինչ այժմ էլ հաշվառված է հայրական տանը։ Հովհաննիսյանն ընդգծել է նաև այն փաստը, որ Արամ Հարությունյանը բաժնետոմսերի զգալի մասը ձեռք է բերել սերտեֆիկատների միջոցով, որոնց մի մասը ունեցել են Հարությունյանն ու նրա ընտանիքի անդամները, մյուս մասն էլ գնել է։ Սերտեֆիկատների անվանական արժեքը դատախազությունը նշում է, որ 20 հազար դրամ է եղել, սակայն փաստաբանի խոսքով՝ դրանք արժեցել են 1000-1200 դրամ։

 

Դատական նիստի ընթացքում Լեռնիկ Հովհաննիսյանը դատախազին ճշտող հարց է տվել, թե արդյոք դատախազությունը գործում է այն կանխավարկածով, թե 1994 թվականին Արամ Հարությունյանը բացի աշխատավարձից այլ եկամուտներ չի ունեցել, դատախազը տվեց դրական պատասխան։

 

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե ապացուցեն, որ 1994 թվականին ձեռք բերված «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Արամ Հարությունյանը ձեռք է բերել օրինական եկամուտներով, ապա ինքնըստինքյան այլ գույքերի նկատմամբ բռնագանձման պահանջներից էլ կհրաժարվի դատախազությունը։ Նրա համոզմամբ՝ կան բոլոր փաստերը, որ հիմնավորեն «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման օրինականությունը։