
Ուրախանալու բան չունենք՝ միջինից բավականին ցածր ծիրանի բերք ենք սպասում այս տարի. Գառնիկ Պետրոսյան

Բուսաբուծության ոլորտում խնդիրներն ավելի են խորանում: Լրագրողների հետ զրույցում ասել է Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Ըստ նրա` ապրիլին մեծ ցրտահարություն է եղել.
«Ես այդ ժամանակ իմ կանխատեսումներով հայտարարեցի, որ ծիրանի միջին բերք կունենանք, բայց, ցավոք, հետագա դիտարկումները ցույց տվեցին, որ մենք առանձնապես ուրախանալու բան չունենք՝ միջինից բավականին ցածր ծիրանի բերք ենք սպասում այս տարի: Խաղողի բերքը կլինի տարեկան միջին մակարդակի վրա: Սակայն, խաղողի հետ կապված շատ լուրջ մտահոգություն կա․ ընդամենը 3 ամիս է մնացել մինչև մթերումներ, սակայն մինչև այսօր վերամշակող ձեռնարկությունները պայմանագրեր չեն կնքում, բացառությամբ՝ Երևանի կոնյակի գործարանի»:
Ըստ Պետրոսյանի՝ սա լուրջ խնդիրներ է առաջացնելու:
«Մի շարք գյուղացիական տնտեսությունների երկարամյա պայքարի արդյունքում Երևանի կոնյակի գործարանը սկսել էր ավելի բարձր մթերման գին առաջարկել` կատարելով առաջատարի գործառույթ, բայց մյուս ընկերությունները նախկինի պես աշխատում են ամեն կերպ գցել խաղողի գինը և հասել են նրան, որ Երևանի կոնյակի գործարանը այս տարի 15 դրամով իջեցրել է մթերման գինը»: